Կարող ենք հիմնավոր կասկած ունենալ՝ այս փոփոխությունը Փաշինյանի սեղանին դրել է Ալիևը. Ղահրամանյան


Կարող ենք հիմնավոր կասկած ունենալ՝ այս փոփոխությունը Փաշինյանի սեղանին դրել է Ալիևը. Ղահրամանյան
Սեպտեմբեր 14 16:55 2026

«Կառավարության անդամի երդման նոր տեքստի փոփոխությունը պատահական խմբագրում չէ, սա այն քաղաքական գծի շարունակությունն է, որը հետևողականորեն տարվում է»,- ԱԺ նիստում «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

Նա նշեց, որ այդ գիծն անհաշտ պայքարն է արտաքին օրակարգով թելադրված հայկական ինքնության դեմ։ 

Ըստ նրա, երդման տեքստից «համազգային նպատակներ», «հայրենիքի հզորացում, «ժողովրդի առջև ունեցած պարտավորություններ» ձևակերպումները հանելը տրամաբանական կապ ունի Անկախության հռչակագրի դեմ այս իշխանության մղած պայքարով, որը թելադրված է  Բաքվի օրակարգով։

«Հետևաբար, կարող ենք հիմնավոր կասկած ունենալ, որ այս փոփոխությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության սեղանին դրել է Իլհամ Ալիևը։

Համազգային նպատակները դուք չեք կարող վերացնել, Հայաստանի Հանրապետությունն ամբողջ հայերի հայրենիքն է, այն վարչական-իրավական համակարգ չէ»,- ասաց Ղահրամանյանը՝ ընդգծելով, որ ՔՊ-ն չի կարող ջնջել համազգային նպատակները։

Նշենք՝  կառավարությունն առաջարկում է կառավարության անդամի երդման տեքստը արադրել հետևյալ խմբագրությամբ․ 
«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»։