Ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ստորագրել փաստաթուղթն ու առաջ շարժվել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)


Ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ստորագրել փաստաթուղթն ու առաջ շարժվել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)
Հունվար 23 16:53 2025

Հայաստանը մեծապես գնահատում է խոչընդոտներով լի ճանապարհին իր բարեկամների աջակցությունը ծավալապաշտական նկրտումների այս ժամանակաշրջանում, «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» պանելային քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Աշխարհաքաղաքական զարգացումները, պատերազմն Ուկրաինայում եւ այլուր  լրջագույն ազդակ են առ այն, որ ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում մեծագույն սպառնալիքի տակ է: Այս առումով հավատացած եմ, որ համընդհանուր մարդկային արժեքները միահամուռ ուժերով պաշտպանելը, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում տեւական խաղաղության եւ կայունության հաստատման ուղղությամբ գործուն ջանքեր գործադրելը սպառնալիքների եւ մարտահրավերների դեմ պայքարի լավագույն միջոցներն են:

Չնայած այն բոլոր անվտանգային սպառնալիքներին, որոնց վերջին տարիներին Հայաստանը բախվում է՝ մենք հաստատակամ ենք եվրաինտեգրման գործընթացի առաջմղման հարցում եւ ակնկալում ենք, որ առաջիկայում կստորագրվի ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը:

Ցանկանում եմ հատուկ ընդգծել վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկի կարեւորությունը, ինչը շատ հստակ քաղաքական ուղերձ է հայ ժողովրդին»,- ասել է նա։

Սիմոնյանը նշել է, որ մեծապես կարեւորում է ՀՀ-ԵՄ համագործակցությունը «Խաղաղության եվրոպական գործիքի» շրջանակում, ինչը, ըստ նրա, վստահաբար, կնպաստի Հայաստանի դիմակայունության բարձրացմանը, ինչպես նաեւ ճգնաժամային իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության լոգիստիկ կարողությունների ամրապնդմանը:

«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը բարենպաստ ազդեցություն ունի անվտանգության ապահովման գործում, հատկապես այն թշնամական հռետորաբանության պայմաններում, որին մենք ականատես ենք լինում:

Չեմ կարող չանդրադառնալ Արեւելյան գործընկերության նշանակալի դերին Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում, որը մեզ համար ճանապարհ է հարթել Եվրամիության հետ դեպի ավելի ամուր եւ խորը համագործակցություն:

Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու եւ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:

Հայաստանի տեսլականն արտահայտված է Կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, որն ուղղված է տարածաշրջանային բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը՝ հիմնվելով ինքնիշխանության, իրավահավասարության, տարածքային ամբողջականության եւ փոխադարձության սկզբունքների վրա:

Խաղաղ եւ ժողովրդավարական Հարավային Կովկասը կարեւոր է ոչ միայն Հայաստանի եւ ամբողջ տարածաշրջանի, այլեւ ԵՄ-ի եւ ավելի լայն Եվրոպայի համար: Մենք կարծում ենք, որ այն կարող է «Գլոբալ դարպասի» մաս դառնալ:

Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի բոլոր հումանիտար խնդիրների լուծումը, որոնցից առաջնային է հայ գերիների հրատապ եւ անվտանգ վերադարձը:

Խաղաղության պայմանագիրը դեռեւս ստորագրված չէ: Քննարկվող հոդվածների մեծ մասը համաձայնեցվել է: Մենք ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ոչ միայն ստորագրել փաստաթուղթն ու առաջ շարժվել, այլեւ հիմնարար ու լիարժեք պատասխաններ տալ առկա խնդիրներին: Ցավոք, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի:

Ամփոփելով ելույթս՝ կցանկանայի փաստել՝ խաղաղությունը եւ ժողովրդավարությունը կայուն զարգացման եւ բարեկեցության գրավականներն են»,- հավելել է ԱԺ նախագահը։