Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ է համարում հավանականությունը, որ Հայաստանի խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը, որին ավելի վաղ հավանություն էր տվել Հայաստանի կառավարությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկման ժամանակ։
«Իրականում, կար քաղաքացիական հասարակության նախաձեռնություն, նրանք ներկայացրել էին օրենքի նախագիծ Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին։ Մեր կառավարությունը հաստատել է դա, և կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի այդ նախագիծը, ինչը կնշանակի, որ մենք Եվրամիությանն ավելի ու ավելի մոտ լինելու գործընթաց ենք սկսում։ Ինչո՞ւ ենք մենք ուզում ավելի մոտ լինել Եվրամիությանը, որովհետև մենք ժողովրդավարություն ենք։ Եթե դու ժողովրդավարություն ես, դու ցանկանում ես ավելի մոտ լինել ժողովրդավարությանը, որովհետև հակառակն անտրամաբանական կլինի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն է տվել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծին։ Նախագիծն առաջիկայում քննարկվելու է Հայաստանի խորհրդարանում