Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Հայաստանի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, այդ թեման չի քննարկվել նախագահի և վարչապետի վերջին հեռախոսազրույցի ժամանակ»,- ասել է Պեսկովը։
Այսօր Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունն իր զեկույցում քիչ հավանական է համարել, որ այս տարի կվերանան ՀԱՊԿ-ին Երևանի մասնակցությունը սառեցնելու հիմքերը։
Անդրադառնալով թեմային՝ Պեսկովը նշել է, որ Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին։
«ՀԱՊԿ-ն անկախ ու կայացած կազմակերպություն է, որն ապացուցել է իր արդյունավետությունն ու արդիականությունը: Դրա հիման վրա աշխատանքները շարունակվում են։ Մինչ այժմ Հայաստանը չի հայտարարել այս կազմակերպությունից դուրս գալու մտադրության մասին»,- ասել է Պեսկովը։