Երեկ՝ հունվարի 20-ին, մի խումբ անձանց միջև վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանի Թևոսյան փողոցում գտնվող «Տրոլեյբուսների պարկ»-ի տարածքում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։
Մինչ ոստիկանների դեպքի վայր հասնելը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ «պոլիտրավմա հարցական, Գ.ՈՒ.Վ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 55-ամյա Լյովա Մ․-ն է։
Պարզվել է, որ այդ օրը ժամը 10։30-ի սահմաններում Թևոսյան փողոցում գտնվող «Տրոլեյբուսների պարկ»-ում վիճաբանություն է տեղի ունեցել Լյովա Մ․-ի և Երևանի բնակիչներ 48-ամյա Վարդգես Պապյանի և 58-ամյա Արթուր Հովհաննիսյանի միջև, որի ժամանակ էլ վերջիններս ծեծի են ենթարկել Լյովա Մ․-ին։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժին։
Կայքի տեղեկություններով՝ կասկածյալներից Վ․ Պապյանը «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի անվտանգ երթևեկության ծառայության պետն է, իսկ Ա․ Հովհաննիսյանը աշխատում է «Քինգ Մարշալ» ընկերությունում, որպես անվտանգության աշխատակից է։