Լոռու մարզում թալանել են Ստեփանավան քաղաքում հայտնի հյուրանոցային համալիրներից մեկը


Լոռու մարզում թալանել են Ստեփանավան քաղաքում հայտնի հյուրանոցային համալիրներից մեկը
Հունվար 21 16:48 2025

Հունվարի 17-ին գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Ստեփանավանի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 72-ամյա Ռուդիկ Ն․-ն և հայտնել, որ ժամը 01։00-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադմամբ բացել են Ստեփանավան քաղաքում դեռևս չգործող «Վահագն Ռեզորթ» հյուրանոցի դուռը և գողացել են 7 հատ հեռուստացույց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պալյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում Երևանի բնակիչ 75-ամյա Սամվել Բ․-ն ոստիկաններին հայտնել է, որ հունվարի 17-ին ժամը 01։00-ին հանգստյան տան սենյակների եվրոդռները բացելու միջոցով մուտք են գործել Ստեփանավան քաղաքի Անտառային 55 հասցեում գտվող «Վահագն Ռեզորթ» հյուրատան 2-րդ հարկում գտնվող թվով 7 սենյակներ և գողացել են «Polarline» տեսակի 7 հատ հեռուստացույց և իրենց պատճառվել է մոտ 400 հազար դրամի վնաս:

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ գողություն կատարած անձանց ինքնությունները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։