Այսօր՝ հունվարի 18-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանյան լճում դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 3-րդ հրշեջ փրկարարական ջոկատի 4-րդ խումբը՝ 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Գագիկ Պախուրյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Հրշեջ փրկարարները հատուկ ճոպանի միջոցով լճից դուրս են բերել տղամարդու դի։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Այս պահին ոստիկանությունն ու պարեկային ծառայությունը պարզում են մահացածի ինքնությունը։