Առավելագույն ճնշում գործադրել ալիևյան ռեժիմի վրա՝ անհապաղ ազատ արձակելու խոշտանգվող բոլոր հայ պատանդներին․ Արցախյան կազմակերպությունների պահանջագիրը՝ ՀՀ իշխանություններին


Առավելագույն ճնշում գործադրել ալիևյան ռեժիմի վրա՝ անհապաղ ազատ արձակելու խոշտանգվող բոլոր հայ պատանդներին․ Արցախյան կազմակերպությունների պահանջագիրը՝ ՀՀ իշխանություններին
Հունվար 17 17:12 2025

Արցախյան մի խումբ կազմակերպությունների կողմից այսօր կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ հրապարակված պահանջագիրը՝ ՀՀ իշխանություններին․

Հաշվի առնելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ինքնորոշված ու բնիկ ժողովրդի ամբողջական հայրենազրկումն ու բռնի տեղահանումը Ադրբեջանի ցեղասպանական ռեժիմի կողմից,

Հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունը և հավաքական միջազգային հանրությունը ձախողել են Արցախի ժողովրդի պաշտպանության և ցեղասպանության կանխարգելման պարտավորությունը,

Արձանագրելով, որ միջազգային հանրության տարբեր ազդեցիկ անդամներ գիտակցաբար աջակցել են Արցախի ու ընդհանրապես հայ ժողովրդի դեմ իրագործված միջազգային հանցագործություններին, իսկ ՀՀ իշխանությունների խիստ անընդունելի դիրքորոշումներն ու գործողությունները նպաստել են այդ հանցագործությունների կատարմանը և դրանց անպատժելիությանը,

Հիշեցնելով, որ ուղիղ 35 տարի առաջ Բաքվի հայ բնակչությունը ենթարկվեց հերթական կոտորածների, որով փաստացի ավարտին հասցվեց Ադրբեջանի հարյուր հազարավոր հայ բնակչության ցեղասպանությունը,

Նկատի ունենալով, որ հայ ժողովրդի դեմ ցեղասպանական հանցագործությունները շարունակվում են առ այսօր՝ հայ պատանդների ապօրինի ազատազրկման ու շինծու «դատավարություններով», ադրբեջանական բռնազավթման ներքո հայկական մշակութային ժառանգության ոչնչացմամբ, Հայաստանի դեմ նոր ագրեսիայի աճող սպառնալիքներով, հայատյացության ահագնացող քաղաքականությամբ և այլ դրսևորումներով,

Խիստ մտահոգված լինելով Ադրբեջանական պատանդառության տակ գտնվող բոլոր հայերի, այդ թվում՝ քաղաքական բանտարկյալների, ռազմագերիների ու քաղաքացիական անձանց դեմ տեղի ունեցող վայրագություններով, շուրջ 80 բռնի անհետացած անձանց և հարյուրավոր անհետ կորածների ճակատագրերի ծանր անորոշությամբ,

Փաստագրելով, որ Ադրբեջանում հայերի դեմ տեղի ունեցած և ունենալիք բոլոր «դատավարությունները» ակնհայտորեն միտված են հավաքական պատիժ ու նվաստացում ապահովելու ողջ հայ ժողովրդի դեմ,

Ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը Ադրբեջանի հետ բանակցություններում և միջազգային գործընկերների հետ հարաբերություններում նույնիսկ նվազագույն ուշադրություն չի դարձնում վերոնշյալ հիմնախնդիրների լուծման իր պարտավորություններին, իսկ երբեմն էլ դիմում է վնասող գործողությունների,

Հղում անելով միջազգային իրավունքի հիմնարար փաստաթղթերին, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճիռներին՝ ընդունված ՀՀ դիմումների հիման վրա 2021թ. դեկտեմբերի 7-ին, 2023թ. փետրվարի 22-ին, հուլիսի 6-ին և նոյեմբերի 17-ին՝

Պահանջում ենք ՀՀ իշխանություններից՝

1. Առավելագույն ճնշում գործադրել ալիևյան ռեժիմի վրա՝ անհապաղ ազատ արձակելու ադրբեջանական բանտերում խոշտանգվող ու նվաստացող բոլոր հայ պատանդներին:

2. Նախքան ազատ արձակումը՝ բոլոր հնարավոր ձևերով ապահովել նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությունն ադրբեջանական պատանդառության ներքո՝ զերծ մնալով նրանցից որևէ մեկին թիրախավորելու և հարվածի տակ դնելու արատավոր երևույթներից:

3. Գործուն քայլեր ձեռնարկել բռնի անհետացած ու անհետ կորած անձանց ճակատագրերի պարզման ուղղությամբ:

4. Գործարկել միջազգային մեխանիզմներ Արցախի մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության վիճակի մշտադիտարկման ու պաշտպանության համար:

5. Մեկնարկել միջազգային առարկայական գործընթաց՝ Արցախի բռնի տեղահանված ժողովրդի հավաքական, անվտանգ, արժանապատիվ ու կայուն վերադարձի ապահովման ուղղությամբ:

6. Զերծ մնալ Արցախի և ընդհանրապես ողջ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությանը միտված միջազգային դատական հայցերից հրաժարվելու գործողություններից և նույնիսկ հայտարարություններից, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մտքից:

7. Հետամուտ լինել հատկապես Հայաստանի միջպետական գանգատների շրջանակներում ընդունված միջազգային դատական ակտերի պատշաճ կատարմանը, որոնք այժմ անտեսվում են ոչ միայն Ադրբեջանի, այլև՝ Հայաստանի իշխանությունների կողմից:

8. Դիմել Միջազգային քրեական դատարան՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և հայերի դեմ իրականացված այլ միջազգային հանցագործությունների հետաքննության ու պատժի մեխանիզմների գործարկման հայցով:

2025թ. հունվարի 17-ի հանրային հավաքի մասնակիցներ, ք. Երևան: