Դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել հերոսի տնից գողություն կատարող կասկածյալի նկատմամբ


Դատարանը տնային կալանքի որոշում է կայացրել հերոսի տնից գողություն կատարող կասկածյալի նկատմամբ
Հունվար 16 20:57 2025

SHAMSHYAN.com-ը հունվարի 12-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել ՀՀ Ներքին գործերի նախարարության Գեղարքունիքի քրեական ու համայնքային ոստիկանների կողմից բացահայտված՝ Ջերմուկում հանուն Հայաստանի իր կյանքը զոհաբերած հերոսի տունը թալանողներից մեկին հայտնաբերելու մասին։

Այսօր՝ հունվարի 16-ին, SHAMSHYAN.com-ը նամակ է ստացել, որով նամակագիրը հայտնում է. «Գողությունը հերոսի տանից, որ եղավ, նկարի տակից, իմ եղբորը առանց հիմքերի նկարել ու տեղադրել եք ձեր բոլոր սոցցանցերում ու պղծում են, դատարանի որոշմամբ ազատվեց (հավանաբար նկատի ունի իր եղբորը), քանի որ գտել են իրական գողին, ես սպասում եմ ձեր արձագանքներին»։

Աղբյուրի հաղորդմամբ՝ երեկ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Վարդենիսի դատարան, որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի գողության կասկածանքով հայտնաբերված ու ձերբակալվածի նկատմամբ։

Դատավոր Վարդան Հարությունյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո, որոշում է կայացրել ոչ թե երկամսյա, այլ տնային կալանքի։