ՀՀ ՆԳՆ–ը պատրաստվում է առաջիկա օրերին զենքով պարգևատրման մասին օրինագիծ ներկայացնել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նրա խոսքով` դա պայմանավորված է նրանով, որ ատրճանակները հաճախ տրվել են այնպիսի մարդկանց, որոնք օրենքներ են խախտել, օրինակ՝ թմրամիջոց են օգտագործել։
«Պետությունը պետք է նաև մասնատի օրինական դաշտում զենք ձեռք բերելու հնարավորությունը և հասկանա, թե ովքեր են այն ձեռք բերելու, քանի որ կարող են պրոբլեմատիկ լինել։ Պարգևատրական ինստիտուտի մասով մենք լուրջ խնդիրներ ունենք, որովհետև տարբեր ժամանակներում տարբեր եղանակներով են կարգավորվել անձին ատրճանակով պարգևատրելու գործընթացները։ Ներկայում շատ անձինք մեզ անհայտ հիմքերով ունեն մարտական կամ այլ ատրճանակներ։ Պետությունը զենքով պարգևատրելու դեպքում պետք է վստահ լինի, որ հասցեատերը ճիշտ անձնավորություն է»,– նշեց նախարարը։
Նա շեշտեց՝ մեր խնդիրն է` ապօրինի շրջանառվող զենք–զինամթերքը բերել պետության տեսողության դաշտ։