Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին խոսք չի եղել․ Զախարովա


Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին խոսք չի եղել․ Զախարովա
Հունվար 16 16:42 2025

ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային հանձնաժողովում երբեք խոսք չի եղել Հայաստանում որևէ արտատարածքային միջանցքի ստեղծման մասին. ճեպազրույցին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ընդհակառակը, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկրներն իրավասություն և ինքնիշխանություն ունեն իրենց տարածքով անցնող երթուղիների նկատմամբ»,- ասել է նա:

Զախարովայի խոսքով՝ եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել էր մոտենալ ապաշրջափակման խնդիրների լուծմանը, սակայն «Հայաստանը, Արևմուտքի ապակառուցողական ազդեցության պատճառով, խմբում աշխատանքը դադարեցրել է»:

«Վստահ ենք, որ խմբի շրջանակում լիարժեք փոխգործակցության շուտափույթ վերսկսումը ոչ միայն կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային և կապի համակարգի վերականգնմանը, այլև կապահովի ամբողջ տարածաշրջանի հետագա սոցիալ-տնտեսական զարգացումը», - ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։