Մենք մեղավո՞ր ենք, որ թոշակը կրկնապատկել ենք, դարձել է 36,000 դրամ, թող այնքան լիներ, որ կրկնապատկելուց դառնար 375,000 դրամ. Փաշինյան (տեսանյութ)


Մենք մեղավո՞ր ենք, որ թոշակը կրկնապատկել ենք, դարձել է 36,000 դրամ, թող այնքան լիներ, որ կրկնապատկելուց դառնար 375,000 դրամ. Փաշինյան (տեսանյութ)
Հունվար 9 12:35 2025

Մեր թոշակառուներն իրենց առևտրի 11 միլիարդ դրամն արել են անկանխիկ եղանակովն ինչը բոլորս պատկերացնում ենք, թե դա ինչ ծավալ է: Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես կարծում եմ, որ սա իսկապես մեր հաջողված որոշումներից մեկն է, և թվերը դա են ցույց տալիս:  Այս վերջերս մի խորհրդակցության ժամանակ այդպիսի մի միտք հնչեց, որ եթե որևէ բարեփոխում ուզում ենք գնահատենք, պետք է թիվը նայենք, այսինքն, հաջող բարեփոխումը և որոշումը պետք է որևէ թվով արտահայտվի։ Հիմա 11 միլիարդ և 277,000 թոշակառուների թիվը ցույց է տալիս բարեփոխման հաջողությունը, բայց այստեղ մի քիչ հայեցակարգային հարց էլ կա:

Այս թեմայի հետ կապված մենք միշտ ասել ենք, որ դե ֆակտո թոշակները ավելացնում ենք, բայց մեզ քննադատում են, թե մենք թոշակառուներին ինչ-որ ձևով պայմանի իրադրության մեջ ենք դնում, թոշակառուներին շահագործում ենք, որպեսզի նրանց թոշակները արդյունքում բարձրանան ստվերի կրճատման և այլնի համար։ Բայց, եթե մենք մեր տատիկին կամ մայրիկին խնդրենք, ասենք, ինչ-որ մի գործողություն արա, տատիկ ջան, մայրիկ ջան, մի  ջանք գործադրի, դա նշանակում է, որ մենք իրենց վատ վիճակի մեջ ենք դնո՞ւմ, շահագործո՞ւմ ենք։

Ընդհակառակը, ես կարծում եմ, որ հենց պետական տրամաբանությունն այս է, որ մենք ասում ենք, ժողովուրդ ջան, սա մեր պետությունն է և մեզ պետությունը բարեկեցության, կայացման համար ամեն մեկս մի ջանք պետք է գործադրենք։ Հիմա մենք 4,000 դրամով մարդկանց թոշակն ավելացրել ենք։ Ու երբ որ մենք գնում ենք Ազգային ժողով կամ ուրիշ տեղ հարցազրույց ենք տալիս, ասում են՝ այդպես էլ այս տարի թոշակը չավելացավ։ Ոչ, այս որոշումից հետո ամեն ամիս թոշակն ավելանում է, ժողովուրդ ջան։ 2022 թվականից  մարդկանց թոշակները բարձրացել է, խնդրում ենք,  ասում ենք, ձեռներդ պարզեք այդ բարձրացրած թոշակը վերցրեք, էլի տեսնում ես, մարդը խոսում է, ասում  է՝ էլի թոշակը չբարձրացնին»,- ասաց նա: