ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը ևս չի մասնակցելու Հայ առաքելական եկեղեցում առկա խնդիրներն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Այս մասին 24News-ին հայտնել է խմբակցության ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ ստեղծված օրակարգը կեղծ է, և իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն հայկական հոգևոր ժառանգության պահպանությանը։
«Սա կեղծ օրակարգ է։ Լավ կլիներ, որ իշխանությունները հետամուտ լինեին մեր հոգևոր ժառանգության՝ Գանձասարի, Սուրբ Ղազանչեցոցի, Ամարասի և Արցախում գտնվող մեր մյուս հոգևոր ժառանգության պաշտպանությանը», – նշել է Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է այսօր։
Ըստ համապատասխան հայտարարության՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով, Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի, ինչպես նաև դրա հետևանքով հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրելու նպատակով, իրավունքի ուժով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով։
Հանձնաժողովի անդամների թիվը սահմանող որոշման նախագիծը կքննարկվի Ազգային ժողովի հերթական նիստում։
Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը հայտարարել էր, որ հանձնաժողովը կղեկավարի ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։
Հավելենք նաև, որ սեպտեմբերի 24-ին հրապարակվել էր Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ «հակաեկեղեցական արշավի զեկույցը» և «բարենորոգման» քայլերի հերթականությունը։ Փաստաթուղթը պատրաստել է վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը։










