Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը


Ողբերգական դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մարմինը
Հունվար 8 20:21 2025

Երեկ՝ հունվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առաքելյան փողոցի տներից մեկում դի կա: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը: 
 
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Հայկ Գևորգյանի գլխավորությամբ: 

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է:
  
Նշված փողոցի տներից մեկի բակում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են նույն տան բնակիչ 70-ամյա Կիմա Ղ.-ի դին: 
 
Տարածքը սահմանազատել են պարեկներ Սևակ Միրզախանյանն ու Հրաչ Գևորգյանը: 
 
Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ժամը 17:00-ի սահմաններում իրենց տան տանիքից սանդուղքով իջնելիս վայր է ընկել և տեղում մահացել: 
 
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 
 
Քննիչի որոշմամբ՝ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Նշանակվե է դիակի դատաբժշկական փորձաքննություն: