Օղակաձև այգում եղբայրները ծեծել են Իրանի քնած քաղաքացուն և հափշտակել գումար


Օղակաձև այգում եղբայրները ծեծել են Իրանի քնած քաղաքացուն և հափշտակել գումար
Դեկտեմբեր 28 21:25 2024

Երևանի այգիներից մեկում եղբայրները ծեծել ու թալանել են Իրանի քաղաքացուն, որը քնած է եղել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել 2024թ․ ամռանը՝ հուլիսի 15-ին, երբ եղբայրները գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, գնացել են Երևան քաղաքի «Օղակաձև» այգի և այդտեղ գտնվող տաղավարներից մեկում նկատել են քնած վիճակում գտնվող Իրանի քաղաքացուն, ծեծել են նրան, ապա՝ սպառնացել դանակով և հափշտակել թվով 1 հատ 3000 ՀՀ դրամ գումար արժողությաբ ««PHILIPS»» ապրանքանիշի լիցքավորիչ, թվով մեկ հատ 2.400 ՀՀ դրամ արժողությամբ պարսկական ադիալ, թվով մեկ հատ 2.400 ՀՀ դրամ արժողությամբ ծաղկի նկարներով սավան, թվով երեք հատ յուրաքանչյուրը' 2.000 ՀՀ դրամ գումար արժողությամբ կարճաթև շապիկ, թվով մեկ հատ 10.000 ՀՀ դրամ արժողությամբ ««SAMSUNG»» մոդելի բջջային հեռախոս, ընդհանուր 2.000 ՀՀ դրամ գումար արժողությամբ ընդհանուր 240.000 ԻԻՀ թուման գումար՝ տղամարդուն պատճառելով ընդհանուր' 25.800 ՀՀ դրամի գույքային վնաս:

Իրանի քաղաքացին, սակայն, եղբայրների միակ «զոհը» չէ։

Եղբայրները նույն այգում՝ օրը ցերեկով՝ հուլիսի 1-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում, հափշտակել են նաև նստարանին նստած տղամարդու պայուսակը և դիմել փախուստի՝ պատճառելով ընդհանուր՝ 345.000 ՀՀ դրամի գույքային վնաս։

Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում եղբայրներին մեղադրանք է ներկայացվել, նրանք կալանքի տակ են։ Ի դեպ, եղբայրներից մեկը նախկինում արդեն դատվածություն ունեցել է։