Սյունիքո՞ւմ է օդն ավելի աղտոտված, թե՞ Երևանում. շրջանառվող լուրերն ու պաշտոնական տվյալները. փաստեր


Սյունիքո՞ւմ է օդն ավելի աղտոտված, թե՞ Երևանում. շրջանառվող լուրերն ու պաշտոնական տվյալները. փաստեր
Դեկտեմբեր 21 13:29 2024

Վերջին օրերին ամենաքննարկվող թեման վերաբերում է մայրաքաղաքում օդի աղտոտվածության բարձր մակարդակին։

Գրեթե ամեն օր քաղաքացիները սոցիալական ցանցերում հրապարակում են լուսանկարներ Երևանում օդի աղտոտվածության վերաբերյալ։ Օգտատերերից մեկը, հղում անելով շվեյցարական IQAir հետազոտական կազմակերպության հրապարակած տվյալներին, նշում էր, որ մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը 5-7 անգամ գերազանցում է համաշխարհային առողջապահական չափանիշներին և որ տնից դուրս գալիս պետք է կրել հակագազ։

Խնդրի մասին բարձրաձայնեց անգամ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական վերջին նիստի ընթացքում, նշելով, որ տեղադրված օդի որակի 149 չափիչ սարքերից ստացվող տեղեկատվությունը ձմռան ամիսների վերաբերյալ տեղ-տեղ մտահոգիչ է լինում: 

Հայաստանում սովորաբար ամենամաքուր օդը լինում է Ծաղկաձոր առողջարանային քաղաքում, իսկ ամենափոշոտը, որպես կանոն, Հրազդանում, պայմանավորված՝ ցեմենտի գործարանի արտադրությամբ։

Մթնոլորտային օդում աղտոտվածության մակարդակով Երևանն առաջին տեղում է գտնվում։ Չնայած, որ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գ. Ավետիսյանը նշեց, որ չափում են օդում առկա փոշու կոնցենտրացիաները, և որ ուրախալի է այն փաստը, որ մայրաքաղաքի օդում չկան ավելացումներ վտանգավոր գազերի՝ ազոտի, ծծմբի երկօքսիդների և համեմատականներ տարավ ՀՀ արդյունաբերական քաղաքների հետ ու նշեց, որ այդքան էլ վտանգավոր չէ, բայց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի ներկայացրած վիճակագրությունն այլ բան է փաստում։

Թեև նոյեմբեր ամսվա միջին ամսական ծծմբի կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան սահմանված թույլատրելի քանակը, սակայն Երևան քաղաքն այդ ցուցանիշով առաջ է Կապան, Քաջարան, Հրազդան հանքարդյունաբերական քաղաքաներից և հավասար ցուցանիշ ունի արդյունաբերական քաղաք Ալավերդիի հետ միասին։

Ազոտի երկօքսիդի ցուցանիշներով էլ, որի գլխավոր աղբյուրը ավտոտրանսպորտն է, առաջին տեղում աղտոտվածության ցուցանիշով մայրաքաղաք Երևանն է, իր ետևում թողնելով Ալավերդին, Կապանը, Քաջարանը, Հրազդանը, Գյումրին։ Նոյեմբեր ամսվա միջին ամսական կոնցենտրացիաները Երևան քաղաքում կազմել են 20 մետր խորանարդ։

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը նիստի ընթացքում նշեց, որ իրականացնում են միջոցառումներ արտառոց արտանետումները կանխելու համար՝ մասնավորապես այցելում են շինհրապարակներ, իրականացնում են վարչարարություն։

24News-ը շրջել է մայրաքաղաքի համապատասխանաբար ակտիվ շինհրապարակներով, պարզելու, թե արդյոք շինարարական ընկերությունները պահպանում են նորմերը, օրինակ շենքերի պատերին անցկացված են ցանցերը, որոնք պետք է կանխեն փոշու տարածումը, արդյո՞ք մեքենաները շինհրապարակից դուրս գալուց լվանո՞ւմ են անվադողերը։

Մեր շրջայցի ընթացքում վերնշված նորմերը Պարոնյան փողոցում, 33-րդ թաղամասում իրականացվող շինաշխատանքների ժամանակ չէր պահպանվել։

Իսկ, օրինակ հանքարդյունաբերական քաղաք հանդիսացող բնակավայրերից մեկում՝ Քաջարանում, ԶՊՄԿ-ն օգտագործում է ջրցան թնդանոթներ, որոնք տեղադրված են հանքի տարբեր հատվածներում, որոնք, ջրելով տարածքը, նվազեցնում են փոշու տարածումը հանքից դուրս, յուրաքանչյուր տեխնիկա դուրս բերվելով հանքի տարածքից, պարտադիր կերպով լվացվում է անվադողերը, այնուհետև թույլատրվում շարունակել ընթացքը։

Գուցե հենց այս կանխարգելիչ միջոցառումներն ու հետևողականությունն է, որ հանքարդյունաբերական քաղաք հանդիսացող Քաջարանում ու Կապանում օդի աղտոտվածության ցուցիչը ցածր է։

Մանրամասները՝ 24News-ի տեսանյութում։