Գիտնականները մազաթափության դեմ նոր միջոց են հայտնաբերել


Գիտնականները մազաթափության դեմ նոր միջոց են հայտնաբերել
Դեկտեմբեր 20 21:42 2024

Շեֆիլդի համալսարանի գիտնականները պարզել են, որ շաքարն օգնում է ժառանգական մազաթափության բուժման գործում, որն ամբողջ աշխարհում տղամարդկանց և կանանց մազաթափության ամենատարածված պատճառներից մեկն է: Աշխատանքը հրապարակվել է Frontiers in Pharmacology (FP) ամսագրում, փոխանցում է Gazeta.ru–ն։ 

Տղամարդկանց ճաղատությամբ կամ անդրոգենետիկ ալոպեկիայով տառապում է բնակչության մինչև 40%-ը: Մինչ օրս միայն երկու դեղամիջոց է հաստատվել այս խնդրի բուժման համար՝ մինոքսիդիլը և ֆինաստերիդը: Այնուամենայնիվ, մինոքսիդիլը ոչ բոլորին է օգնում, իսկ ֆինաստերիդը ծանր կողմնակի ազդեցություններ է առաջացնում:

Դեզօքսիրիբոզը շաքար է, որը բնականաբար առկա է մարմնում և կարևոր դեր է խաղում ԴՆԹ-ի ձևավորման գործում: Փորձերի ընթացքում պարզվել է, որ երբ այն կիրառվում է մկների վերքերի վրա, մազերը ավելի արագ են վերականգնվում։

Այս փորձը գիտնականներին ոգեշնչել է շարունակել իրենց հետազոտությունները, և նրանք այնուհետև փորձ են կատարել ճաղատությամբ տառապող մկների հետ՝ պայմանավորված տեստոստերոնի մակարդակի բարձրացմամբ: Դեզօքսիրիբոզով գելն ամեն օր կիրառվել է մազաթափված հատվածներում, և մի քանի շաբաթ անց նկատվել է մազերի ամբողջական վերականգնում, և մազերն ինքնին ավելի խիտ ու երկար են դարձել: Ընդ որում, նոր գելը պարզվել է, որ ոչ պակաս արդյունավետ է, քան գոյություն ունեցող դեղամիջոցները։

«Մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ մազաթափության լուծումը կարող է շատ ավելի պարզ լինել, քան մենք կարծում էինք», - ասում է ինժեներ Շեյլա ՄակՆիլը՝ հետազոտության հեղինակներից մեկը։ «Բավական է օգտագործել դեզօքսիրիբոզ՝ մազերի ֆոլիկուլներին արյան մատակարարումը բարելավելու և մազերի աճը խթանելու համար»։

Այնուամենայնիվ, գիտնականները շեշտում են, որ սա դեռ սկիզբն է, և անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություն՝ ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես կարելի է դեզօքսիրիբոզն օգտագործել մարդկանց մոտ մազաթափության բուժման համար: