Ազգային ժողովը 66 կողմ, 30 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ընդունեց ՀՀ 2025 թվականի պետական բյուջեն:
Կառավարությունը վերանայել ու նվազեցրել է 2025 թվականի պետական բյուջեի նախագծի եկամուտները, ծախսերը, տնտեսական աճի կանխատեսումն էլ նվազեցվել է 5.1 տոկոսի:
2025 թվականի պետկան բյուջեի վերանայված նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 10 տրլն 891 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5.1 տոկոս: Նշված ցուցանիշները սկզբնական նախագծի համեմատ փոփոխվել են նվազման ուղղությամբ՝ համապատասխանաբար 158 մլրդ դրամով և 0.5 տոկոսային կետով։
Պետական բյուջեի եկամուտները կկազմեն 2 տրլն 837 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ պակաս է 35.5 մլրդ դրամով:
Հարկեր-ՀՆԱ ցուցանիշի անփոփոխ 25 տոկոս մակարդակի պահպանման պայմաններում հարկային եկամուտները նվազել են 39.6 մլրդ դրամով:
Պետական բյուջեի ծախսերը կկազմեն 3 տրլն 441 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերը՝ 2 տրլն 706 մլրդ դրամ, իսկ կապիտալ ծախսերը՝ 734 մլրդ դրամ:
Բյուջեի ծախսերն առաջին փուլի համեմատ նվազել են 40.8 մլրդ դրամով: Ընդ որում՝ ընթացիկ ծախսերը նվազել են 42.4 մլրդ դրամով, իսկ կապիտալ ծախսերն աճել են 1.7 մլրդ դրամով:
Կառավարության պահուստային միջոցները ավելացել են 3.3 մլրդ դրամով:
Պետական բյուջեի պակասուրդը պահպանվել է ՀՆԱ-ի 5.5 տոկոսի մակարդակում և կազմում է 604 մլրդ դրամ, որն առաջին փուլի համեմատ նվազեցվել է 5.4 մլրդ դրամով: