Բոլորս գիտենք, որ հանրային տրանսպորտի ոլորտում առկա էր և որոշակի առումով դեռ առկա է ստվերային շրջանառություն, որի դեմ պայքարը հայտարարել ենք, որ լինելու է անզիջում. հանրային տրանսպորտի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նա նշեց, որ նոյեմբերի մեկից, երբ հայտարարվեց, որ վարորդներին գումար չպետք է տալ, գումարի կտրուկ աճ գրանցվեց։
«Եթե մինչ նոյեմբերի 1-ի որոշումը հավաքագրվում էր աշխատանքային օրերին միջինում 30-31 մլն, հիմա հասել ենք 35 մլն նշաձողին, իսկ շաբաթ և կիրակի օրերին նախորդ 18-ի փոխարեն հավաքագրում ենք 23մլն, 13-ի փոխարեն՝ 18մլն։ Պետք է բաց ասել, որ այդ գումարի աճը պայմանավորված չի նրանով, որ ավելի շատ մարդիկ է նստում։ Ուղղակի այդ գումարն առաջ գնում էր տարբեր գրպաններ, այդ թվում՝ վարորդների, չեմ ասում՝ բոլորի, բարեխիղճ վարորդներ կան։ Ցավոք, ունենք վարորդներ, որոնք ստվերային շրջանառության անմիջական մաս են դարձել»,-ասաց նա։
Սուրեն Գրիգորյանի խոսքով՝ այսօրվա գործողության պատճառը, տարբեր փաստարկների տակ, թեև վարորդները փորձ են անում քողարկել, բայց, ըստ էության, իրենց գործողությունների հետևանքն է։
«Երբ խոսքը գնում է օրական մոտավոր 5 մլն կորսված եկամտի մասին, բնականաբար, գումարը իր հետևից բերում է շահագրգռվածություններ և մարդիկ չեն ուզում այդ գումարից կտրվել։ Մենք այս ճանապարհն անցնելու ենք մինչև վերջ, շանտաժի չենք տրվելու»,-ասաց նա։
Փոխքաղաքապետը նշեց, որ սա գործադուլ չէ, օրինական գործընթաց չէ, սա շանտաժ է։
«Ըստ էության, այս գործողությամբ փորձ է արվում քաղաքային իշխանության վրա ճնշում գործադրել, գեներացնել հանրային դժգոհություն, որ մենք էլ կոմպրոմիսի գնանք, ասենք՝ մի քիչ քիչ գողացեք։ Այս խոսակցությունները չեն լինելու, ուզում եմ հստակ ասել»,-ասաց նա՝ հայցելով քաղաքացիների ներողամտությունը։