Մեր ընդդիմադիր գործընկերներն այս անընդհատ վերադառնում են իմ հայտնի նախադասությանը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», այսօր դրան պետք է անդրադառնամ: Այս մասին ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա հարց բարձրացրեց՝ 2018-ին ու դրանից առաջ Ղարաբաղն ի՞նչ էր, անկախ պետությո՞ւն էր, չէ՛, մինչև հիմա ասում են մեր բարեկամները և ոչ բարեկամները, եթե այդպես էր՝ ճանաչեիք:
«Մեզ որ վերագրում են դավաճանական քայլեր, դրանից առաջ ես այս դահլիճում պատգամավոր եմ եղել մի քանի անգամ ընդդիմության կողմից նախաձեռնություն է եղել, որ ճանաչեք: Մենք ասել ենք՝ չէ՛, Ղարաբաղն անկախ պետություն չէ: Ղարաբաղն Ադրբեջա՞ն է, չէ՛, Ղարաբաղը Հայաստա՞ն է, չէ՛: Լավ ժողովու՛րդ, Ղարաբաղն անկախ չէ, Հայաստան չէ, Ադրբեջան չէ, ի՞նչ է:
Եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք ԼՂ հարցի այդ իրավիճակով, ապա մեր այդ վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ, եթե մոռանանք, որ խնդրի ձևակերպումն ի սկզբանե սխալ էր: Եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու շանս ստանալու առումով, ես պետք է ասեմ՝ այն քաղաքականությունը, որ մենք վարել ենք և վարում ենք ոչ թե ճիշտ կամ սխալ է այլ միակ հնարավոր տարբերակն էր, որ այսօր մեզ շանս է տալիս պետություն ունենալու: Հետևաբար շատ բան կախված է նրանից, թե մենք ինչպես կօգտագործենք այդ շանսը և հնարավորությունը»-ասել է նա:
Փաշինյանն այնուհետև հիշեցրել է, որ երկու տարի առաջ ասել է՝ եթե մեզ հաջողվի պահել մեր պետականությունը 1-2 տարի, դա կնշանակի, որ մենք առաջիկա 100-ամյակում պետություն ունենալու իրական հնարավորություն ենք ստեղծել:
«Ահա երկու տարի առաջ ես կանգնած եմ ՀՀ խորհրդարանի ամբիոնին որպես ՀՀ վարչապետ և պիտի այսպիսով արձանագրեմ, որ միջնաժամկետում մեր դարավոր և հիմնական խնդիրը լուծված է, բայց մեզ չի կարելի ոչ մի վայրկյան թուլացնել մեր զգոնությունը:
Ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն կառավարությունը, այն խորհրդարանը, հենց մենք ենք այն ժամանակը, որը հնարավորություն է ասելու՝ ահա մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունն առաջիկա 100-ամյակի ընթացքում»,- նշել է նա: