Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց


Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց
Նոյեմբեր 28 17:10 2024

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին Մարտի 1-ի գործով նոր մեղադրանք ներկայացվեց:

Համաձայն հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանի ներկայացրած հիմնավորման՝ Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։

Մեղադրանքը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, որոնց ընթացքում նրանք, ըստ մեղադրանքի, ակնհայտորեն անցել են իրենց պաշտոնական լիազորությունների շրջանակը, ինչի հետևանքով կոպտորեն խախտվել են քաղաքացիների սահմանադրական իրավունքները, և պատճառվել են ծանր հետևանքներ։

441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ նման արարքների համար պատիժ է սահմանվում  ազատազրկումը՝ չորսից ութ տարի ժամկետով։ 

Մեղադրող կողմը պնդեց, որ այս մեղադրանքը համապատասխանում է ՀՀ Սահմանադրական դատարանի 2024 թվականի որոշման դրույթներին, որոնք հնարավորություն են տալիս վերաորակավորել Քոչարյանի և մյուսների մեղադրանքները։ 

Այս գործով անցնող Սեյրան Օհանյանին և Արմեն Գևորգյանին այսօր մեղադրանք չներկայացվեց, քանի որ նիստը հետաձգվեց։ Ենթադրվում է, որ նրանց ևս նույն հոդվածով մեղադրանք կներկայացվի։

Հիշեցնենք՝  Քոչարյանը, Խաչատուրովը, Օհանյանն ու Գևորգյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու համար, սակայն 2021 թվականին արդարացվել էին, քանի որ Սահմանադրական դատարանն այս հոդվածը հակասահմանադրական էր ճանաչել։

2024 թվականին, սակայն, Սահմանադրական դատարանի որոշմամբ մեղադրանքը կարող է վերաորակավորվել, ինչն էլ հիմք է դարձել գործով դատավարությունը վերսկսելու։