ՀՀ պաշտպանության նախարարությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել՝ հայկական ԶԼՄ-ներին կոչ անելով առանց ճշտումներ և ճշգրտումներ կատարելու՝ օտարերկրյա լրատվամիջոցներում զետեղված ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող հրապարակումները չտարածել։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ այս հարցում խնդիրը ոչ թե հայկական, այլ հնդկական լրատվամիջոցներն են։
«Չգիտես, թե ինչու՝ անընդհատ որոշակի տեղեկություններ են հրապարակում։ Այս ուղղությամբ գլխավոր աշխատանքը ոչ թե երկրի ներսում հայկական լրատվամիջոցների հետ է՝ չարտատպելու հնդկական մամուլում այս կամ այն հրապարակումը, այլ՝ հնդկական կողմի հետ՝ մի կողմից կոնֆիդենցիալ պահելու այս կամ այն գործարքի հետ կապված մանրամասները, որոնք, որպես կանոն, նման դեպքերում սահմանվում են նաև պայմանագրերում, մյուս կողմից՝ կենտրոնացումը պետք է իրականացվի միջազգային մամուլում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։
Աբրահամյանի խոսքով՝ խնդիրն այն չէ, որ հայկական լրատվամիջոցներն արտատպում են լուրը, դա չէ խոցելի կամ անվտանգության առումով ռիսկեր առաջացնող, խնդիրն այն է, որ լուրերը տեղ են գտնում հնդկական մամուլում ու, անկախ նրանից, հայկական մամուլը արտատպում է, թե չի արտատապում, նրանք, ովքեր ուզում են որևէ ինֆորմացիայի տիրապետել, դրան տիրապետում են հնդկական մամուլի հրապարակումների հիման վրա։
Պատգամավորը միտում չի տեսնում հնդկական կողմի այս գործողություններում, կարծում է՝ պարզապես այդ ամենն իր մեջ PR էլեմենտ է պարունակում։
«Ես չեմ կարծում, թե Հնդկաստանը դա անում է՝ որևէ ձևով վտանգելու Հայաստանը կամ Հայաստանի անվտանգությունը, ավելի շատ կարծում եմ, որ հնդկական ռազմարդյունաբերությունը որոշակի PR արշավ է իրականացնում՝ ողջ աշխարհով ցույց տալով, որ իրենց զինատեսակներն այնքան արդիական են ու արդյունավետ, որ դրանք գնում են տարբեր երկրներ Հայաստանի տեղում մեկ այլ երկիր լիներ՝ հրապարակելու էին մեկ այլ երկրում իրականացվող մատակարարումները։ Հիմա Հայաստանն է այս փուլում շատ քննարկվում, որովհետև հիմնական գնումները Հնդկաստանից են, ու Հնդկաստանը շատ դեպքերում վաճառում է այնպիսի զինատեսակներ, որոնք այլ տեղեր դեռևս չեն վաճառվել։ Դրանք որոշակի PR էլեմենտ են պարունակում, հետևաբար, այստեղ խնդիրը ոչ թե հայաստանյան լրատվամիջոցներն են, որոնք այս կամ այն տեղից արտատպում են Հայաստանին մատակարարվող զինատեսակների մասին տեղեկությունները, այլ խնդիրը կոնկրետ սկզբնաղբյուրն է, պետք է աշխատել, որ դրանք չհայտնվեն հնդկական մամուլում»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի դիտարկմաբ՝ երկրի անվտանգության սպառնալիքի տեսանկյունից նման լուրերն Ադրբեջանի համար հնարավորություն են ստեղծում Հայաստանի ռազմական պոտենցիալն առավել ճշգրիտ գնահատելու․
«Մի կողմից կանխելու հնարավոր մատակարարումները՝ ստեղծելով լոգիստիկ խնդիրներ, մյուս կողմից՝ առաջ ընկնելով՝ ձեռք բերում այնպիսի միջոցներ, որոնք կարող են զսպել կամ չեզոքացնել այն զինատեսակները, որոնց մասին Հայաստանը դեռ նոր է պայմանագրեր կնքում»։