Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ պետք է նոր ընդդիմություն ձևավորել


Սուրեն Պետրոսյանը կարծում է, որ պետք է նոր ընդդիմություն ձևավորել
Նոյեմբեր 18 23:55 2024

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը ներքաղաքական զարգացումների համատեքստում այսպիսի գրառում է արել․

«Այն աղետը, որը Հայաստանին բերել է Նիկոլ Փաշինյանը, չի բերել պատմության մեջ ոչ մի այլ ղեկավար, անգամ մոտ չեն եղել հասցված վնասի աստիճանով: Համոզված եմ, որ աշխարհում նմանատիպ օրինակ ևս գոյություն չի ունեցել, նույնիսկ Վիշիի կառավարությունը մեր իշխանության համեմատ ուներ նախանձելի պատվախնդրություն:

Ակնհայտ է նաև, որ պատմության մեջ դժվար կլինի գտնել այնպիսի ընդդիմություն, որը քաղաքական արժեքային, ֆինանսական և տնտեսական առումներով այդքան սերտաճած կլիներ իշխանության հետ, որքան մեր խորհրդարանական ընդդիմությունը, այնքան սերտաճած, որ անհնար է գտնել անգամ նվազագույն հակասություն որևէ հարցում:

Հետևաբար, իշխանության (ներառում է նաև խորհրդարանական ընդդիմությունը) հետ ամեն ինչ պարզ է և այլևս իմաստ չունի քննարկել նրանց դրսևորման ձևերը:

Այս պահին բոլորիս խնդիրը որակապես նոր ընդդիմություն ձևավորելն է, որը նոր կլինի ոչ միայն իր ձևով, այլ առաջին հերթին բովանդակությամբ՝ ունենալով ռազմավարական խորություն:

Ձևավորվող նոր ընդդիմության հիմքում պետք է ընկած լինի համակարգայնությունը և ոչ թե կեղծ «հերոսների» ձևավորման հիվանդագին մոլուցքը»: