30 հազար դրամի աջակցությունը, որը տրամադրվում է երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ Ղարաբաղից տեղահանվածներին, դեկտեմբերից հետո կշարունակվի ևս երեք ամիս, ապա կձևափոխվի։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Երբ մենք ասում ենք՝ կշարունակվի կամ չի շարունակվի, խոսքը նրա մասին է, որ նրանք արդեն, որպես Հայաստանի լիարժեք բնակիչներ, կօգտվեն այն սոցիալական ծրագրերից, որոնցից օգտվում են ՀՀ բոլոր քաղաքացիները։
Այսինքն՝ սա կարևոր խնդիր է։ Երբ ինչ-որ ծրագիր որոշակի ժամանակահատվածում պետք է գործի՝ փախստականի կարգավիճակից բխող, մի պահի մարդիկ պետք է լիարժեք օգտվեն այն սոցիալական ծրագրերից, որոնք գործում են ՀՀ քաղաքացիների համար։
Իսկ 40 հազար դրամ գումարած 10 հազար դրամի աջակցությունը, նախնական ծրագրով, կշարունակվի ևս մեկ տարի։ Սա է այս պահին մեր պլանը։ Այդ ընթացքում մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր ծրագրերը՝ քաղաքացիության ընդունման և քաղաքացիության ապահովման ուղղությամբ, լինեն առավել արդյունավետ, որպեսզի մարդիկ նույնպես անցում կատարեն ՀՀ-ում գործող սոցիալական ծրագրերի շահառուի կարգավիճակին։
Եթե նրանք համապատասխանում են այդ կարգավիճակին, ծրագրերը Ղարաբաղից տեղահանվածների դեպքում կգործեն այնպես, ինչպես ՀՀ քաղաքացիների համար։
Արդեն չորս տարի ժամանակ անցած կլինի, և մյուս ծրագրերով հնարավորություն կա, որ մենք անցում կատարենք այլ տրամաբանության»,- նշել է նա։










