Դուք գիտեք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում հարուցված կարգապահական վարույթ կա այս հարցի վերաբերյալ, որը դեռ ծագել էր խորհրդարանական լսումներից հետո, և այդ վարույթը պիտի քննարկվի, և քննարկման արդյունքում արդեն հետևանքների և որոշումների մասին պատշաճ կերպով կծանուցենք նաև ձեզ:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր դնելու մասին լուրերին:
Ճշտող հարցին՝ այսինքն չի՞ բացառվում, որ Հովիկ Աղազարյանն ու Նարեկ Զեյնալյանը դնեն իրենց մանդատները, ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանը պատասխանեց, որ կա հարուցված կարգապահական վարույթ, որը, բնականաբար, կունենա հետևանքներ:
«Կարգապահական վարույթի հարուցումն ինքնին նշանակում է, որ կա այդ վարույթը հարուցելու համար առնվազն բավարար հիմք, իսկ թե ինչ հետևանքներ կլինեն, դրա մասին արդեն լրացուցիչ կծանոթանաք»,- ասաց նա: