Այսօր՝ նոյեմբերի 15-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Երևանի քրեական ոստիկանություն վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում սպանություն է տեղի ունեցել։
Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և քրեական ու համայնքային ոստիկանների գործողությունների արդյուքնում կասկածյալը, ով հոգեբուժարանից փորձում էր դիմել փախուստի, հետապնդվել, բռնվել ու տեղափոխվել է ոստիկանության Նուբարաշենի բաժին, որտեղից էլ ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Սպանվածը նախկինում սպանության համար եղել է դատապարտված, ում նկատմամբ կայացվել է որոշում՝ հարկադիր բուժման համար և նրան տեղափոխել էին «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոն, իսկ կասկածյալը Երևանի բնակիչ 35-ամյա Արման Թովմասյանն է, ով ժամանակին բուժում է ստացել «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում և նախկինում դանակահարության համար եղել է դատապարտված։ Նա նույնպես դատարանի կողմից հարկադիր բուժման էր ուղարկվել։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։