ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանից լրագրողները հետաքրքվեցին, թե հնարավո՞ր է որոշ ՔՊ-ականներ իրենից դժգոհություններ ունեն, ինչպես, օրինակ՝ Հարչ Հակոբյանը, Տիգրան Ավինյանը, Արմեն Փամբուխչյանը, Սիսակ Գաբրիելյանը։
Քոչարյանը պնդեց, որ տեղյակ չէ, բայց կոնկրետ միջադեպ հիշեց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանից, երբ դիմել էր նրան Արագած ռազմարդյունաբերության գործարանի հոսքագծերի հետ կապված խնդրով.
Զանգել եմ, ասել, որ սենց խնդիր կա, ինչ-որ չինովնիկ չի տալիս թույլտվությունը, որ 300 մետր հեռավորության վրա կարողանան միանալ և հոսքածերը տեղադրեն։ Ասեցի՝ հիմա այդ հարցը կկարգավորենք, ինձ թվաց՝ հարցը լուծված է»,-պատմեց Քոչարյանը և նշեց, որ մեկ ամիս հետո իրեն թվացել էր, որ միացված է, բայց պարզել էր, որ ոչ միայն միացված չի, այլև հակառակը՝ որոշումն են կայացրել, որ պետք է միանան Զովունի գյուղի ենթակայանին՝ 15 կմ հեռավարության վրա։
«Դա արդեն վերջն էր։ Հանձնաժողովի նիստերից մեկի ժամանակ Արմեն Խաչատրյանն այդ հարցն էր բարձրացրել, ասացի, որ խնդրում եմ անուն ազգանունով, երբ քաղաքապետարանի անունը տալուց հետո 15 րոպե հետո թույլտվությունը տրվեց, հիմա դա ինձ մտահոգո՞ւմ է, թե ոչ»,-ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը շարունակեց. «Մեկ էլ կարդացել եմ իր մասին «Հետք»-ում գրված հոդվածը՝ կապված «Սպայկայի» 1,5 մլրդ դրամ վարկավորման հետ»։
Հարցին՝ այսինքն Արմեն Փամբուխչյանը կոռուպցիոնե՞ր է՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ չի կարող ասել, քանի որ չեն կարող հայտարարել մի բան, քանի դեռ քննություն չկա։