Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)


Եթե վարչատարածքային բաժանման օրենքը փաստարկ լիներ, Ադրբեջանը ձեզնից առաջ դրա վրա կհենվեր, զգացե՞լ եք՝ միայն դուք եք դրա մասին խոսում. Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
Հոկտեմբեր 22 17:35 2024

Կանխատեսելի էր, որ այս ժամերին հնչելու է ստի ու մանիպուլյացիայի ահռելի դոզա: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Նախ չհասկացա, ինչու՞ այդպես ջղայնացաք Արցախի դրոշներին նայելուց, պետք չէ զգացմունքները այդպես բացահայտ ցույց տալ:  Ձեզ երբևէ հարց տվե՞լ եք, Ալե՛ն Սիմոնյան, ինչո՞ւ Ալիևի մտքով երբևէ չի անցել այդ փաստաթուղթը բերի որպես Արցախի վրա իրավազորության տարածման հիմք: Բերեցիք հայտնաբերեցիք մի բան, որ Ադրբեջանը 30 տարի ման էր գալիս չէր գտնում:

3 տարի այս դահլիճից կրկնում եք՝ սրանով է ճանաչվել, այս օրենքով է ճանաչվել: Դա այնքան հիմարություն է, որ ոչ ոք ձեզնից բացի դա չի կրկնում: Մտածե՞լ եք այդ մասին: Ոնց է, որ Ադրբեջանի վերնախավը բացառապես ձեր հայտարարություններն ու ստորագրություններն է  վկայակոչում որպես Արցախի վրա իրավազորության հիմա: Այդ թուղթը, որ ոչ ոքի պարծանքը չէ, զգացե՞լ եք, որ մենակ դուք եք ցիտում: Անգամ Ալիևը Սամվել Շահրամանյանի ստորագրած թուղթը չի վկայոկոչում որպես Արցախի վրա իրավազորության հիմք: Դուք ձեզ հարց տվե՞լ եք՝ կարո՞ղ եք ընդհանրապես խոսել  այն մասին, որ ինչ-որ մեկը ադրբեջանական նարատիվներ է տարածում: Ձեր արտաքին գործերի նախարարին ձեր վարչապետի հայտարարություններով են  պատասխանում»,- ասաց նա:

Խոսելով Սահմանադրությունը փոխելու՝ Ադրբեջանի պահանջների մաիսն, Վարդանյանն ասաց.

«Ադրբեջանը ասել է  Սահմանադրություն պետք է փոխեք, բարեբախտաբար այս պետության հիմնադիրներն այնքան հեռատես են եղել,  այնպես են արել, որ այդ նախաբանը անփոխարինելի լինի, որ անգամ հանրաքվե չկարողանաք դնել, միակ տարբերակը այս պետությունը լուծարելն է:

Բերել, այս մասկի շոուն եք կազմակերպել ու դրանով էլ չեք բավարարվում, ասում են՝ չէ ժողովուրդը պետք է ասի, որովհետև դուք այսօր կաք, վաղը չկաք: Այսքանից հետո դուք եք գալիս ասում՝ ադրբեջանական նարատիվներ եք տարածում: Դուք գիտե՞ք, որ այն տարածքները, որոնք դուք հանձնել եք մայիսին, այդ նույն օրենքով Հայաստան են: Եթե այս օրենքը փաստարկ լիներ, որի վրա Ադրբեջանը կարող էր հենվել, ձեզնից առաջ դա կաներ: Դուք վերածվել եք այս երկրում Ալիևի փաստաբանի, չգիտեմ՝  վարձատրություն ստանո՞ւմ եք դրա համար»: