ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ դատական համակարգի նկատմամբ իշխանության ճնշումները, խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների խոսափողներն անջատելն ու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող արշավը մեկ միասնական քաղաքական գործընթացի բաղադրիչներն են։
«Կառավարության ղեկավարը խորհրդարան գալիս ամեն հարմար առիթով սպառնում է դատարաններին և որակումներ տալիս՝ փաստացի նշելով, որ իշխանահաճո որոշումներ չկայացնող դատարանները կհամարվեն «մաֆիոզ կլան»։ Եվ ինչպես իմ գործընկեր Ռուբեն Մխիթարյանը հիշեցրեց, դատավորների շուրջ 60 տոկոսը նշանակվել է գործող իշխանության օրոք։ Եվ բոլոր քաղաքական գործընթացների դատաքննությունն իրականացնում են հենց այդ դատավորները, որոնք նշանակվել են Նիկոլ Փաշինյանի օրոք։
Պատգամավորն անդրադարձավ նաև Վեհափառի գործով դատական նիստին.
«Սա այն գործընթացի մի մասն է, որը գործող իշխանությունները նախաձեռնել են դեռևս տարիներ առաջ։ Մենք շատ լավ հիշում ենք ժամանակագրությունը, թե ինչպես սկսվեց այդ գործընթացը՝ եկեղեցու դեմ պայքարը»։
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ այդ գործընթացի համատեքստում պետք է դիտարկել նաև Սամվել Կարապետյանի դեմ հարուցված գործը։
«Մենք նաև հիշում ենք, որ երեկ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստն էր, որը ձերբակալված է շուրջ 450 օր՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու համար։ Բնականաբար, այս գործընթացը, այս կարված, շինծու, ապօրինի գործը ևս այս գործընթացի մի մասն է»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։










