ՀՀ իշխանություններն այսօրվա դրությամբ խոչընդոտ են ԼՂ հարցի արդար լուծմանը, բայց կա ԼՂ խնդիր և միջազգային հանրությունը չի փակել այս հարցը. Արթուր Օսիպյան


ՀՀ իշխանություններն այսօրվա դրությամբ խոչընդոտ են ԼՂ հարցի արդար լուծմանը, բայց կա ԼՂ խնդիր և միջազգային հանրությունը չի փակել այս հարցը. Արթուր Օսիպյան
Հոկտեմբեր 21 12:58 2024

ՀՀ իշխանություններն այսօրվա դրությամբ խոչընդոտ են ԼՂ հարցի արդար լուծմանը, քանի որ իրենք այդ հարցն օրակարագից հանել են. ՀՀ ԱԳՆ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

«Բայց արցախցիների խնդիրն այն է, որ ինքնակազմակերպվեն և աշխարհին ցույց տան, որ, այո՛, արցախցիները կամք ունեն վերադառնալու իրենց հայրենիք, պահանջում են միջազգային իրավունքի լիարժեք իրացում և պայքարում են դրա համար»,-ասաց նա։ Ըստ Օսիպյանի՝ իրենց ակցիան մեսիջ է նաև արտաքին աշխարհին։

«Կա ԼՂ խնդիր, և միջազգային հանրությունը չի փակել այս հարցը։  Նույնիսկ ՄԱԿ-ի բոլոր անդամները նշել են, որ պետք է կարգավիճակի հարցը լուծվի։ Սա համայն հայության խնդիրն է»,-ասաց նա։

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությանը՝ Օսիպյանը նշեց, որ դա իրականությունից շատ հեռու է և զարմանալի է, թե ինչպես կարելի է այդպիսի անհեթեթ արտահայտություն անել, որ 4 բանաձևերը իրավունք են տալիս Ադրբեջանին այդպիսի գործողության գնալ։

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր՝ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև և նշել էր, որ հարձակվելը Ղարաբաղի վրա և Հայաստանից տարածքներ օկուպացնելը տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։

«Իսկ ՄԱԿ-ի 4 բանաձևերում ի՞նչ է գրված, որ իրավունք ունեն մտնեն Հադրո՞ւթ, Ասկերանի շրջանները զավթե՞ն։ ՄԱԿ-ի 4 բանաձևերում, եթե գրագետ մարդիկ կարդային ու վերլուծեին, գրված է Արցախի իրավունքը Լաչինի միջանցքի վերաբեյալ և նախկին ԼՂ տարածքների վերաբերյալ։ Եթե Ալեն Սիմոնյանը խոսում է 4 բանաձևերի մասին, կխնդրեինք Ալեն Սիմոնյանին պայքարեր, որ այդ 4 բանաձևերը կյանքի կոչվեին հիմա»,-ասաց նա։