Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի ծախսերի ավելացման էս տեմպերով այդ բեռը չի կարողանա միայնակ տանել. Տիգրան Ավինյան


Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի ծախսերի ավելացման էս տեմպերով այդ բեռը չի կարողանա միայնակ տանել. Տիգրան Ավինյան
Հոկտեմբեր 21 11:12 2024

«Սիրելի երևանցինե՛ր, մոտավորապես 7.5 մլրդ դրամ Երևանի քաղաքապետարանն այս տարվա ընթացքում սուբսիդավորում է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Բացատրելով, թե ինչու է այդ թիվը հատուկ բարձրաձայնում՝ Տիգրան Ավինյանն ասաց, թե Երևանի ավագանու նիստերին բազմիցս լսել է, որ ընդդիմադիրներն ասում են, որ կա ստվեր և պետք է աշխատել այն վերացնելու համար։

Նա վստահեցրեց, որ քաղաքապետարանն այդ ուղղությամբ աշխատում է և ՓԲԸ-ի ավելացող հասութները դրա մասին են վկայում։

«Բայց, այնուամենայնիվ, մենք պետք է հասկանանք, որ Երևանում բարեկեցիկ հասարակական տրանսպորտ ապահովելու համար  այս ծախսերը գնալով ավելանում են և ամեն նոր գնված շարժակազմի հետ շարունակելու են ավելանալ»,-հայտնեց Ավինյանը և հիշեցնելով, որ ընթացիկ տարում արդեն գնել են 171 նոր ավտոբուս և 15 տրոլեյբուս, հավելեց. «Սիրելի երևանցինե՛ր, մենք խնդրում ենք, որ նվազագույնը նոյեմբերի 1-ից դուք տրանսպորտից օգտվելիս վճարման ընդամենը երկու եղանակ օգտագործեք՝ 100-դրամանոց մետաղադրամով և էլեկտրոնային տոմսերով։ Եթե մենք ուզում ենք, որ Երևանում ունենանք բարեկեցիկ, շարունակական զարգացող հասարակական տրանսպորտ՝ մենք էլ խնդրում ենք ձեզ աջակցել մեզ այդ գործում և օգտվել կա՛մ էլեկտրոնային տոմսային համակարգից, կա՛մ ունենալ 100-դրամանոց մետաղադրամ»

Նա հայտնեց,որ Երևանի քաղաքապետարանը ծախսերի ավելացման այս տեմպերով այդ բեռը չի կարողանա միայնակ իր վրա վերցնել և պահել, այդ պատճառով էլ 2025 թվականին ներդրվող տոմսայաին համակարգը որոշ չափով մեղմելու է այդ բեռը։