Սերոբ Գասպարյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը դատարանը մերժել է․ Որոշումը կբողոքարկվի


Սերոբ Գասպարյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքը դատարանը մերժել է․ Որոշումը կբողոքարկվի
Հոկտեմբեր 18 16:58 2024

Արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ մերժվել է Սերոբ Գասպարյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանների բողոքը։

Սերոբ Գասպարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իրավաչափ չեն համարում որոշումը և այն ստանալուն պես՝ կբողոքարկեն Վճռաբեկ դատարան։

«Ամբողջ խնդիրը հետևյալն է` ըստ էության, նյութերում ներկայացված ընդամենը երկու վկայի ցուցմունքի հիման վրա է Գասպարյանը կալանքի տակ։ Մենք ասում ենք, որ քննությանը խոչընդոտելու հիմքի միակ նվազման գործիքը օրենքով առերեսումն է։ Ու քանի որ օրենքն ասում է, որ առերեսում կատարվում է այն ժամանակ, երբ կա մեղադրյալների ցուցմունքների միջև հակասություն, կամ վկաները տալիս են մեղադրական բնույթի ցուցմունք մեղադրյալի դեմ, մենք ասում ենք` պատրաստ ենք առերեսվել՝ առերեսեք, որ քննությանը խոչընդոտելու հիմքի նվազում ունենանք։ Դա է պահանջում արդարադատության շահը։ Բայց քննչականը հրաժարվում է անհասկանալի պատճառներով, որպեսզի անընդհատ, երկար, Սերոբ Գասպարյանին փորձեն պահել կալանքի տակ»,-ասել է Ալեքսանյանը։

Հարցին, թե պատճառը ո՞րն է, փաստաբանն ասել է՝ չի ասել՝ այլ ենթատեքստ կա, թե ոչ․ հարցը դիտարկում է միայն իրավական հարթությունում և իրավական հարթությունում պայքարը կշարունակեն ու կփորձեն նվաճել Գասպարյանի ազատությունը։

Առերեսում մերժելը իրավաչափ չէ այնքանով, որ վկաները Գասպարյանի դեմ մեղադրական բնույթի ցուցմունք են տալիս և ինքն էլ պահանջում է այդ պայմաններում առերեսման իմպերատիվ կատարում։ «Այդ քննիչը հրաժարվում է, հրաժարման որոշումը մենք բողոքարկել ենք դատախազին, դատախազն էլ է մեր բողոքը մերժել, այսինքն, քրեական հետապնդման մարմինները հրաժարվում են առերեսում կատարելուց՝ ինչ-ինչ պատճառներով։ Համենայն դեպս, մեզ համար պատճառն անհայտ է, ինչ պատճառ էլ որ լինի, իրավաչափ չի կարող լինել, որովհետև օրենքը պարտադրում է, որ առերեսումը պիտի լինի»,-ասել է Գասպարյանի պաշտպանը։

Արդյոք դատախազի ու քննիչի միջև համաձայնություն կա՞․ Ալեքսանյանն ասել է, որ բնականաբար այդպես է՝ կանխավարկածը դա է հուշում։

Հիշեցնենք, որ Սերոբ Գասպարյանը կալանավորվել էր սեպտեմբերի 28-ին՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստական աշխատանքներ տանելու մեղադրանքով։ Իբրև թե մարդկանց մի խումբ Ռուսաստանում մասնակցել է վարժանքների, որպեսզի հետո վերադառնա Հայաստան և իշխանափոխություն իրականացնի: Այս գործով ևս երկու անձ է կալանավորված, իսկ չորսը հետախուզման մեջ են։

Սերոբ Գասպարյանը մեղադրանքը չի ընդունում։ Ազատամարտիկին մոտ կանգնած աղբյուրն ասել է, որ Գասպարյանն անկոտրում է, որովհետև մեղավոր չէ: Անցյալում և հիմա նրա նշանաբանն է․ «Նվիրյալները չեն դավանափոխվում»։