ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու պետական տուրքի չափերը կբարձրանան, սակայն ԼՂՀ-ից տեղահանվածների համար անվճար կլինի


ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու պետական տուրքի չափերը կբարձրանան, սակայն ԼՂՀ-ից տեղահանվածների համար անվճար կլինի
Հոկտեմբեր 17 12:12 2024

Կառավարության նիստում վերանայվեց ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքի չափը: Նախագիծը զեկուցեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:

«Առաջարկվող փաստաթղթերով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքի չափը և սահմանել համապատասխանաբար 50 հազար և 150 հազար դրամ համապաստախանաբար 1,000 և 25 հազար դրամի փոխարեն»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ այս մասով գործող տուրքերի չափերը սահմանվել են 1997 թվականին և շուրջ 30 տարվա ընթացքում վերանայումների չեն ենթարկվել:

Նա նաև տեղեկացրեց, որ նախագիծը հիմնականում ուղղված է ոլորտի թվայնացմանը, սակայն տուրքերի վերանայումը հնարավորություն է տալիս անդրադարձ կատարելու քաղաքացիության ինստիտուտի կարևորությանը, վերարժևորել այն՝ ընդգծելով քաղաքացի-պետություն կապի կարևորությունը:

«Հատկանշական է, որ պետական տուրքի վերանայման կարգավորումն առաջարկում ենք չտարածել փախստականների, այդ թվում ԼՂՀ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ:  Ավելին, առաջարկում ենք  բոլոր փախստականներին ազատել քաղաքացիության շնորհման համար դիմելու տուրքի վճարման պահանջից»,- ասաց նա: