Կառավարությունը մերժեց Գեղամ Նազարյանին. սեպտեմբերի 27-ը չի սահմանվի բոլոր ժամանակներում ՀՀ պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր


Կառավարությունը մերժեց Գեղամ Նազարյանին. սեպտեմբերի 27-ը չի սահմանվի բոլոր ժամանակներում ՀՀ պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Հոկտեմբեր 17 11:14 2024

Կառավարությունը մերժել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ներկայացրած նախագիծը, որով պատգամավորն առաջարկում էր սեպտեմբերի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորի, զինվորականի հիշատակի օր՝ փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում։ 

«Մենք ունենք Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր, բռնադատվածների հիշատակի օր, 2014 թվականի՝ Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր, երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օր, բայց հայրենիքի պաշտպանության համար զոհված զինվորի, զինվորականի հիշատակի օր չունենք։ ...Հաշվի առնելով, որ վերջին մեծամասշտաբ պատերազմը սկսվել է 2020թ. սեպտեմբերի 27-ին, առաջարկում եմ հիշատակի օրը սահմանել հենց սեպտեմբերի 27-ին։ Նախագծի ընդունման արդյունքում սեպտեմբերի 27-ը ՀՀ-ում պաշտոնապես կնշվի որպես բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր»,- նախագծում ներկայացրել էր պատգամավորը։

Կառավարությունը, սակայն, որոշել է ձեռնպահ մնալ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելուց։

«Քանի որ հունվարի 28-ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը»,- ասվում է հիմնավորման մեջ։

Հիշեցնենք՝ Գեղամ Նազարյանի որդին՝ Աբգարը, զոհվել է 44-օրյա պատերազմում։