Շատ են նախարարները, որոնց հրաժարականը արժե պահանջել. ինձ ավելի հեշտ է ասել՝ ումից եմ գոհ. Լուսինե Բադալյան


Շատ են նախարարները, որոնց հրաժարականը արժե պահանջել. ինձ ավելի հեշտ է ասել՝ ումից եմ գոհ. Լուսինե Բադալյան
Հոկտեմբեր 1 14:00 2024



Ի վերջո, ո՞րն էր Գրիգոր Մինասյանի հրաժարականի պատճառը: Այս հարցով լրագրողներն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, դիմեցին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանին, ով եւս ստորագրել էր Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու հարցով վարչապետին դիմելու նախաձեռնության տակ:

Նա ասաց. «Խորհրդարանական վերահսկողության շրջանակներում պատգամավորներն ունեն իրավունք իրենց վերաբերմունքը հայտնելու կառավարության անդամների, նրանց կատարած աշխատանքի նկատմամբ: Գրիգոր Մինասյանը բացարձակապես չի տարբերվում կառավարության մնացած անդամներից: Այսինքն յուրահատուկ բան պետք չի այդտեղ փնտրել, որ  Գրիգոր Մինասյանի հետ կա որեւէ խնդիր: Օրինակ, ես իմ առջեւ խնդիր եմ դրել, որ առաջիկայում արդեն ժամանակն է, և 6 տարին բավարար ժամանակ էր, որ ես կարողանամ հաշվետվություն պահանջել կառավարության բոլոր անդամներից եւ տեսնել՝ արդյոք այն ծրագրերը, որոնք մենք դրել ենք մեր առջեւ, այն խոստումները, որոնք մենք տվել ենք, արդյոք այդ ամենը իրականացրել ենք, թե ոչ: Այստեղ որեւէ անձնական խնդիր չկա»:

Նա ցավ հայտնեց, որ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով ստորագրահավաքի հարցը դարձավ հրապարակային. «Դա խմբակցության ներքին խնդիրն էր, որը բացարձակապես չէր ենթադրում իմպիչմենթ կամ հարցապնդում: Մենք ունենք ներքին պայմանավորվածություններ, որ եթե որոշակի քանակով պատգամավորներ խնդիր ունեն կառավարության մեկ անդամի հետ կապված, մենք դիմում ենք այդ հարցով:

Եթե անընդհատ բոլորը խոսում են այն մասին, որ երկրում արդարադատությունը կաղում է, որ վերջին 2 տարվա ընթացքում մենք մեր առջև դրված բոլոր խոստումներն ու խնդիրները չենք կարողացել կատարել, ու, բնականաբար, դրա համար պետք է պահանջենք պատասխանատվություն»,- ասաց Բադալյանը:

Հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ևս պահանջելու են, որովհետեւ նա էլ իր խոստումները չի կատարել, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Դուք լուրջ կարծում եք, որ ես պետք է ձեր հարցին պատասխանեմ, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ևս պահանջելո՞ւ ենք. իհարկե, ոչ»:

Լուսինե Բադալյանը հայտարարեց, որ իր սուբյեկտիվ կարծիքով շատ են նախարարները, որոնց հրաժարականը արժե պահանջել. «Ինձ ավելի հեշտ է ասել՝ ումից եմ գոհ, քան թվարկել, թե ումից եմ դժգոհ: Սա թողնենք:

Ես որպես պատգամավոր պետք է լինեմ ժողովրդի ձայնը և ցանկացած խնդիր, բողոք, որ քննարկվում է ժողովրդի մեջ, պիտի բարձրաձայնեմ իր լծակներով:

Առաջինը հրաժարական տվեց Գրիգոր Մինասյանը, բայց դա չի նշանակում, որ խնդիր ունենք միայն արդարադատությունում: Ես ուզում եմ, որ Կառավարության բոլոր անդամները, բոլոր նախարարները, բոլոր գերատեսչությունները, իրավապահ մարմինները իմանան, որ խորհրդարանական վերահսկողության շրջանակներում բոլոր գործիքները կիրառվում են, և որևէ բան մեր աչքից չի վրիպելու», հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

Նա անկեղծացավ, թե որտեղից սկսվեց այս խնդիրը. «Անցած կառավարության հետ հարցուպատասխանից, երբ քննարկվեց թմրանյութերի եւ այլ հանցագործությունների չբացահայտման խնդիրը, որի հաջորդ օրը վարչապետը հրավիրեց հատուկ կառավարության նիստ այդ բոլորը քննարկելու, այդ նիստում հնչած բոլոր կարծիքները, հիմնավորումները, վիճակագրությունը անմիջապես բարձրաձայնվեցին մեր կողմից»:

Լրագրողի հարցին, թե ո՞վ է լինելու ՔՊ-ի հաջորդ թիրախը, Բադալյանն արձագանքեց. «Թիրախի մասին չէ խոսքը, եթե որևիցե մեկը չի ընկալում, որ սա թիրախ չէ, անձնական խնդիր չէ, սա ուղղակի արդեն կուտակված բոլոր խնդիրները լուծելու համար վերահսկողություն սահմանել է»:

Հիշեցնենք՝ ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտնել է, որ պաշտոնից ազատման դիմում է գրել:

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ստորագրահավաք էր նախաձեռնել:

Մինչ այդ՝ սեպտեմբերի 5-ին, արդարադատության նախարարի տեղակալ էր նշանակվել Սիրվարդ Գևորգյանը, որի նշանակման շուրջ մեծ աղմուկ բարձրացավ:

Արդարադատության նախարարի տեղակալ նշանակվելուց հետո համացանցում սկսել էր շրջանառվել 2019-ին արված լուսանկար, որում Սիրվարդ Գևորգյանի հետ նաև վերջինիս համակուրսեցին՝ Ռոբերտ Քոչարյանի դուստրն է և արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը: Լուսանկարում Սիրվարդ Գևորգյանի ձեռքին նկատելի է նաև Ռոբերտ Քոչարյանի գիրքը:

 

Սիրվարդ Գևորգյանը սեպտեմբերի 26-ին հայտնեց, որ հրաժարականի դիմում է ներկայացրել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: