Ռեժիսոր Վահե Գեւորգյանցը կառաջադրվի որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու


Ռեժիսոր Վահե Գեւորգյանցը կառաջադրվի որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու
Սեպտեմբեր 7 14:49 2017

Ռեժիսոր Վահե Գեւորգյանցը, ով 2003 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է, հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ առաջադրելու է իր թեկնածությունը Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում։ Նա Կինեմատոգրաֆիստների միության նախկին նախագահ, մեկ ամիս առաջ մահացած Ռուբեն Գեւորգյանից որդին է:

Վահե Գեւորգյանից հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Կինեմատոգրաֆիստների միության հարգարժան անդամներ, հարգելի կինոսերներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ

Ինչպես գիտեք, հոկտեմբերի 7-ին կայանալու է Կինեմատոգրաֆիստների միության արտահերթ համագումարը, որն ընտրելու է միության նոր նախագահ եւ վարչություն: Անչափ սիրելով կինոն, արժեւորելով Կինոմիության դերը հայկական կինոյի կայացման գործում, մեծ ցանկություն ունենալով նպաստել կինոարվեստի զարգացմանը մեր երկրում, ես որոշում եմ կայացրել առաջադրվել որպես Կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու: Ունեմ միության բնականոն գործունեության եւ զարգացման հստակ ծրագրեր, կամք, համախոհներ եւ վստահ եմ, որ կարող եմ իրականացնել մշակված եւ միության կողմից հավանության արժանացած իրական ծրագրերը:

Համոզված եմ, որ այդ պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուները տաղանդավոր եւ կայացած կինոգործիչներ են եւ արժանի են ղեկավարել մեր միությունը: Ուստի, ցանկանում եմ, որ նախընտրական արշավն ուղեկցվի ազնիվ մրցակցությամբ, անցնի փոխադարձ հարգանքի մթնոլորտում:

Վստահեցնում եմ նաեւ, որ ընտրության ցանկացած արդյունքի դեպքում պատրաստ եմ ակտիվորեն աշխատել Կինեմատոգրաֆիստների միությունում ի շահ հայկական կինոյի եւ միության բոլոր անդամների»: