Հայաստանում վերջին տարիներին անձնագրային բաժանմունքների աշխատանքի մասին բողոքներ բազմիցս ենք լսում, հաճախ նաև ականատես լինում։
Ստացած բողոքների վերաբերյալ առանձնացված մի քանի հարցի պատասխան փորձել ենք ճշտել ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ Նելլի Դավթյանից։
ArmLur.am-ի հարցերին ի պատասխան՝ Նելլի Դավթյանն անդրադարձել է ID նույնականացման քարտեր ստանալու ընթացակարգին, խափանումներին, նաև հերթային համակարգի խնդիրներին։
1․ Ինչումն է խնդիրը, որ ՀՀ անձնագրայիններում ID քարտ հավելյալ վճարելու դեպքում շուտ չեն տալիս։
-Նույնականացման քարտերի թողարկման ենթակառուցվածքը հնամաշ է և հաճախ գործունեության ընթացքում ի հայտ են գալիս խնդիրներ։ Ըստ այդմ՝ ծառայությունների պատշաճ մատուցման համար ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կառավարում է պահանջարկը՝ ժամանակ առ ժամանակ սահմանափակելով արագացված ծառայությունների հնարավորությունը։ Այսպիսով՝ կառավարվում է այն ռիսկայնությունը կամ մտավախությունը, որ Ծառայության և քաղաքացու միջև կկնքվի նույնականացման քարտի արագացված ծառայության մատուցման պայմանագիր, և սահմանված ժամկետներում քարտը չի տրամադրվի քաղաքացուն։
Ի լրացում այս ամենի՝ նոր նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի համակարգ ներդնելու համար պետությունն այս պահին մրցույթ է հայտարարել՝ պետություն-մասնավոր գործընկերություն համագործակցության ձևաչափով։
2. Ինչու է ID քարտի ստացման ժամկետը երկարել՝ դառնալով գրեթե մեկ ամիս՝ 21 օր։
-Ըստ նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի, 9-րդ կետի՝ նույնականացման քարտը տրամադրվում (փոխանակվում) է դիմում ներկայացնելու օրվան հաջորդող 15-րդ աշխատանքային օրը, ինչը նշանակում է 21 օրացույցային օր։ Վերոնշյալ կարգավորման մասով փոփոխություն տեղի չեն ունեցել։
3. Անձնագրայիններում ներդրված օնլայն հերթագրման համակարգը կա, բայց հերթերն անձնագրայիններում չեն դադարում, ինչո՞ւ ծրագիրը հույսերը չարդարացրեց։
-2023 թվականի մայիսից Երևանում ծառայությունները մատուցվում էին էլեկտրոնային հերթագրմամբ, մարզերում՝ կտրոնային/կենդանի հերթի ձևաչափով։ Օրեր առաջ Ծառայության բոլոր տարածքային ստորաբաժանումքներում (նախկին անձնագրային ծառայություններում) ներդրվել է հերթերի կառավարման նոր տրամաբանությամբ համակարգ (օնլայն և կտրոնային համակցմամբ)՝ հավասարապես և՛ էլեկտրոնային հերթագրվելու, և՛ տեղում կտրոնով սպասարկվելու հնարավորությամբ։