Հանրապետության տարբեր բուհեր այս տարի դիմել է 14 հազար 332 անձ։ Բուհերում հատկացված տեղերի քանակը եղել է 16 038, որից անվճարը՝ 2117, վճարովին՝ 13 հազար 921։ Այսինքն՝ դիմորդների թվից ավելի տեղեր են եղել հատկացված։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ 1849 հոգի ընդունվել է անվճար, 7569-ը վճարովի հիմունքով։ Ստացվում է՝ բուհերում 6 հազարից ավելի տեղ թափուր է մնացել։
«Այստեղ արտառոց ոչինչ չկա, ունեցել ենք տարիներ, երբ առաջարկվող տեղերի քանակն ավելին է եղել, քան շրջանավարտներինը, ոչ թե դիմորդներինը։ Եվ ասեմ, որևէ ողբերգություն այստեղ չկա, բուհը լիցենզիայով սահմանված տեղեր ունի և դրանց համար հայտարարություն է տալիս։ Կգան, չեն գա՝ դա արդեն դա բուհի գործն է»,-ասաց Կարո Նասիբյանը։
Կա նաև լրացուցիչ մրցույթ, երբ դրական գնահատականներ ստացածները, որոնք հիմնական մրցույթից դուրս են մնացել, հնարավորություն ունեն դիմելու բուհերում եղած թափուր տեղերի համար։ Նրանք կարող են ընտրել մինչև 6 բուհ կամ նույնքան մասնագիտություն։ Թափուր տեղերի ցանկին կարող են ծանոթանալ dimord.am կայքում։ Հայտագրումն ավարտվելու է հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-ին։ Թե լրացուցիչ փուլով բուհերի ո՞ր թափուր տեղերը կլրացվեն, ի՞նչ մասնագիտություններ կընտրեն դիմորդները, պարզ կլինի հուլիսի 30-ին։ Մինչ այդ եղած տվյալները ցույց են տալիս, որ դիմորդների շրջանում տարիներ շարունակ պահանջարկ ունեցող մասնագիտությունները զիջում են իրենց տեղերը։
«Այս տարի ամենաշատ մրցակցությունը եղել է ստոմատոլոգիա բաժնում, որին հաջորդում է հանրային քաղաքականություն և կառավարում բաժինը, այնուհետև իրավագիտությունը։ Մեզ համար անսպասելիորեն ԵՊՀ-ի հասարակայնության հետ կապեր բաժնում ևս եղել է բավական մրցակցություն՝ մեկ տեղի համար 2 դիմորդ։ Տարիներ շարունակ մեծ պահանջարկ ունեցող տնտեսագիտություն, ֆինանսներ բաժիններն առաջին տասնյակում այս անգամ չկան»,-ասաց Կարո Նասիբյանը։
Դեռ չեն համալրվել այն մասնագիտությունների գծով տեղերը, որտեղ արական սեռի համար պետությունը տարկետման հնարավորություն է տվել։ Օրինակ՝ քիմիայի գծով ընդունվել է 9 հոգի, նույնիսկ անվճար տեղերը չեն համալրվել։ Եվ ագրարային, և մանկավարժական համալսարաններում տարեցտարի դիմորդների թիվը պակասում է։ Ագրարային համալսարանը մարզի բուհից ավելի քիչ դիմորդ ունի։ Ըստ Կարո Նասիբյանի՝ պատճառներից մեկն այն է, որ որոշ մասնագիտություններ շուկայում պահանջված չեն։
Այս տարի դիմորդները հնարավորություն են ունեցել քննություն հանձնել մի քանի անգամ։ Ընտրել են այն քննության գնահատականը, որի արդյունքը բարձր է եղել։ Կարո Նասիբյանը նշեց, որ այս տարի նաև մետաղորսիչ սարքեր են տեղադրել քննությունների ընթացքում դիմորդների տեխնիկական հնարամտությունները բացահայտելու համար։ Ընթացքը ցույց է տվել, որ ուշագրավ դեպքերի պակաս չի եղել։
«Բջջային հեռախոսները կոշիկների մեջ են փորձել անցկացնել, շղթաներն են օգտագործել բջջայինի հետ կապուղիները թաքցնելու համար։ Մեկ այլ դեպքով էլ ականջի խորքային հատվածում փոքր գնդիկներ են տեղադրել, որոնք ծառայել են որպես ականջակալներ։ Որոշ դեպքերում այդ գնդիկները հանելու համար անհրաժեշտ է եղել բժիշկների միջամտությունը»,-ասաց Կարո Նասիբյանը։
Այն դիմորդները, որոնց մոտ տեխնիկա է հայտնաբերվել, նրանց համար քննությունը դադարեցվել է։