ԵՄ խորհրդի ընդունած որոշումները համահունչ են ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան


ԵՄ խորհրդի ընդունած որոշումները համահունչ են ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան
Հուլիս 22 18:36 2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է կլոր-սեղան քննարկման ՄԹ ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում (IISS)՝ փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ։
 
Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգը, ձեռքբերումները, արտաքին քաղաքական առաջնահերթությունները և դրանց կյանքի կոչման ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության հիմնական ուղղությունները։
 
Անդրադարձ է կատարվել Միացյալ Թագավորության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և նախորդ տարվա նոյեմբերին մեկնարկած ռազմավարական երկխոսությանը համահունչ համագործակցության զարգացման հեռանկարներին։ ԵՄ հետ խորացող գործընկերության համատեքստում նախարար Միրզոյանը վկայակոչել է նույն օրը ԵՄ խորհրդի կողմից ընդունված որոշումները՝ Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցության տրամադրման և վիզայի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ՝ ընդգծելով, որ դրանք համահունչ են ձևավորված արժեքահեն գործընկերությանը և ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին։
 
ՀՀ ԱԳ նախարարը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակն ու հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները: Նախարար Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում կայունության ու հարատև խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը և դրա կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է սեղմ ժամկետներում խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը: