Հայաստանը տարածքային հավակնություններ չունի. պատրաստ ենք շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը և կարճ ժամանակում կնքել խաղաղության պայմանագիր. Ռուբեն Ռուբինյան


Հայաստանը տարածքային հավակնություններ չունի. պատրաստ ենք շարունակել Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը և կարճ ժամանակում կնքել խաղաղության պայմանագիր. Ռուբեն Ռուբինյան
Հուլիս 12 19:33 2024

Հայաստանը հավակնություններ չունի իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս և պատրաստ է շարունակել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացը և կարճ ժամանակում կնքել խաղաղության պայմանագիր, ԲՐԻԿՍ-ի 10-րդ խորհրդարանական ֆորումի ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Հայ-ադրբեջանական սահմանի 12 կիլոմետրանոց հատվածն արդեն սահմանազատված է, երկու կողմերի սահմանային ծառայությունները սահմանի այդ հատվածներում են»,- ասել է Ռուբինյանը։

Նա նշել է, որ Հայաստանը ոչ միայն պատրաստ է, այլև շահագրգռված է դառնալ միջազգային տարանցիկ երթուղիների մաս՝ ապաշրջափակելով տարածաշրջանային հաղորդակցությունները։

Նրա խոսքով` անկասկած է, որ Հարավային Կովկասում խոշոր ենթակառուցվածքային նախագծերը կարող են միավորող գործոն դառնալ տարածաշրջանի երկրների համար և դրանից դուրս։

«Հարավային Կովկասում տրանսպորտային ուղիների վերականգնումը և բացումը պետք է հանգեցնի տնտեսական հարաբերությունների համակարգի կայուն տարածաշրջանային մոդելի ձևավորմանը»,- ասել է ԱԺ փոխնախագահը` հիշեցնելով, որ Հայաստանի կառավարությունը մշակել ու ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է ապաշրջափակել բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունները՝  հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգանքի, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա: