«Վահե Ղազարյանը վախեցել է գա հանձնաժողովի նիստին», «Մեզնից ոչ ոք չի վախենում»․ բանավեճ՝ ԱԺ-ում


«Վահե Ղազարյանը վախեցել է գա հանձնաժողովի նիստին», «Մեզնից ոչ ոք չի վախենում»․ բանավեճ՝ ԱԺ-ում
Մայիս 29 15:36 2024

Օրակարգում գրված է ֆինանսների նախարար Վահե Հովհանիսյան, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյան, Վահե Ղազարյանը դահլիճո՞ւմ է։

Այս մասին բյուջեի ՆԳՆ կատարողականի քննարկման ժամանակ հանձնաժողովի նիստում հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ես սպասում եմ՝ ներքին գործերի նախարարը գա հաշվետվությանը, խնդրում եմ՝ հիմա ասեք ես նիստին մասնակցե՞մ եմ, թե՞ չէ։ Վահե Ղազարյանը վախեցե՞լ է գա հանձնաժողովի նիստի»,- ասաց Մանուկյանը։

Նիստը վարող ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն, ի պատասխան, նշեց․

«Ոչ, մեզնից ոչ ոք չի վախենում»։

Մանուկյանը նշեց, որ իրավունք չունեն և այս հանձնաժողովի նիստին պետք է նախարարները ներկա լինեն։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ Քոչարյանին ասաց ․

«Ձեր անմիջական պարտականությունն է ապահովել նախարարի ներկայությունը»։

Քոչարյանն արձագանքեց, որ իրենք իրենց պարտականությունները լավ գիտեն։

«Լավ չգիտեք ոնց որ, մատդ ծալի»,- պատասխանեց Վարդանյանը։

Անդրանիկ Քոչարյանն էլ հակադարձեց․ «Եկե՞լ ես խանգարես աշխատանքը»։

ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի նիստը վարողներից, Ծովինար Վարդանյանն էլ ասաց Գեղամ Մանուկյանին․

«Նախ հարցը տվել եք, պատասխանը ստացել եք, չեք բավարարվել պատասխանից, հիմա ինչ-որ բան եք ասում։ Ըստ օրակարգի, այս պահին զեկուցում է ֆինանսների նախարարը, մնացածը ձեր որոշումն է, ինչպես որոշումը կայացրել էիք չմասնակցել առավոտից, մնացածը ձեր որոշման հիման վրա կայացրեք»։

Գեղամ Մանուկյանն արձագանքեց․

«Տիկին Վարդանյան, ԱԺ խորհուրդը որոշել է բյուջեի կատարողականի հետ կապված հանձնաժողովների նիստեր անցկացնել, ԱԺ կայքում պաշտոնապես խորհրդի որոշում կա, որ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը պետք է գա ՆԳՆ բյուջեի կատարողականի քննարկմանը։ Արձանագրում եմ՝ Վահե Ղազարյանը վախեցել է գա հանձնաժողովի նիստին»։