Աղետի գոտում ընդհանուր առմամբ կա փլուզված մոտ 17 կամուրջ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նախարարի խոսքով՝ դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, սակայն առնվազն 5-6 կամուրջ կա, որ բավականին խոշոր են, և մեծ ջանք ու ժամանակ կպահանջվի դրանց վերականգնման համար:
«Դրանց փլվելը ստեղծել է լուրջ կապի խնդիր մեր մի շարք բնակավայրերի հետ: Եթե այն փոքր համայնքների պարագայում լուծումներ գտնվել են, և այդ համայնքներում կապի խնդիր չկա, այս պարագայում այս կամուրջների փլվելն այդ խնդիրը ստեղծել է»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։
Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Վերջին տվյալներով կա չորս զոհ։










