Ադրբեջանի բանակի հանդեպ այս օրերին այնքան չարություն չկա, որքան հայ ոստիկանի. սա աննորմալություն է. Հովհաննիսյան


Ադրբեջանի բանակի հանդեպ այս օրերին այնքան չարություն չկա, որքան հայ ոստիկանի. սա աննորմալություն է. Հովհաննիսյան
Մայիս 21 10:21 2024

Ստրատեգիական համբերության մասին․ այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է։

Շարժումը լավ ալիքի վրա է.  թակում է դռները, որոնք հերթով բացվում են։ Ժամանակի ու համբերության խնդիր է միայն, հերթով բոլորը ներսից բացվելու են։ Մարդիկ հոգնել են այսօրվա վիճակից։ Մարդիկ ուզում են լսել մարդու խոսք՝ կարեկից, մտահոգ, կիրթ, և այդ առաքելությունը փայլուն կատարում է Բագրատ Սրբազանը։ Մարդիկ ուզում են լսել վաղվա մասին հստակ խոսք, ինչը Սրբազանն արեց։ Մարդիկ հասկանում են, որ 1991 թվականի անկախ պետության բովանդակությունը ջարդվել է, և ուզում են հասկանալ, թե ի´նչ բարքերով և ի´նչ բովանդակությամբ է լինելու պետության շարունակությունը։ Շատ երկար տարիներ մեր երկրում մարդկանց հետ չեն խոսել. կա´մ խաբել են, կա´մ շահագործել, կամ էլ՝ երկուսը միասին։ Հիմա եկել է մի մարդ, ով իրենց հետ  խոսում է՝ պարզ, բայց շատ կարևոր բաների մասին ։ Մարդիկ ուզում են ապրել մարդու պես՝ զգալով իրենց հանդեպ հոգատարություն ու հարգանք, ու ոչ՝ մանիպուլյացիա և անվերջ ստորացում։

Սա շատ լավ պրոցես է, և եթե ասում ենք, որ գնում ենք երկրում խորքային, տևական փոփոխությունների, ապա դրանք ոչ մի օրո´ւմ են լինում, ոչ՝ մի շաբաթում։

«Ոստիկանը մերն է կարգախոսով» եկածը բոլորին բոլորի հետ թշնամացրեց։ Ոստիկաններին սարքեց սովորական մարդկանց թշնամի։ Ադրբեջանական բանակի հանդեպ այս օրերին այնքան չարություն չկա, որքան՝ հայ ոստիկանի. սա աննորմալություն է։ Ինչպե՞ս կարողացավ. ամեն մեկս պետք է էդ հարցը մեզ տանք՝ ոստիկան լինի, «մեծարգո» ասող լինի, հարթակում կամ հրապարակում կանգնած լինի. բոլորս էդ հարցը պետք է մեզ տանք։ 

Ինչպե՞ս ստացվեց, որ մեկ հոգին, մի անհասկանալի «վերապատրաստված» փոքր խմբով կարողացավ մի փոքր երկրի ներսում այսքան թշնամանք ու չարություն տարածել, ամեն ինչ խառնել իրար։ Որքան շարժումը թափ առնի, այնքան այս հարցը շատերն են տալու՝ հարյուր հազարներով, ու ավելի համառորեն։ Դրա համար մի փոքր ժամանակ է պետք։ Սա կոչվում է ստրատեգիական համբերություն։ Այս ժամանակահատվածի ամենակարևոր բառը պետք է լինի գրագիտությունը՝ գրագետ քայլեր, գրագետ լուծումներ, գրագետ պայմանավորվածություններ, գրագետ հաղթանակ։ 

Երկրում խորքային փոփոխությունները շատ կարևոր են, որպեսզի մենք սկսենք Ադրբեջանի և աշխարհի հետ իրոք բանակցել։ Կիրանցի գյուղամիջի, կամրջամիջի, դպրոցամիջի սյունը-սահմանը խոսում են մի բանի մասին՝ մեզ հետ այսօր չեն բանակցում։ Մեզ ընդամենը ստորացնելով պարտադրում են, որովհետև եթե բանակցող ունենայինք, նա այդ 50-100մետրի հարցը կլուծեր։ 

 

Հեղինակ՝ Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ