«Մենք չենք ուզում չաշխատող մեխանիզմի մաս կազմել»․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին


«Մենք չենք ուզում չաշխատող մեխանիզմի մաս կազմել»․ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
Ապրիլ 30 18:30 2024

Ապրիլի 28-29-ը Կատարում գտնվող   ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Al-Jazeera»-ին։

Հարցազրույցի ժամանակ Միրզոյանին հարց է ուղղվել․ « Երևանն այս փուլում վերանայու՞մ է իր հարաբերությունները, դաշինքները, պատկանելությունը տարածաշրջանային կամ միջազգային որոշակի ձևաչափերին»։

Ի պատասխան՝ Միրզոյանը նշել է․

«Գիտեք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, և մենք ՀԱՊԿ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, որի առաքելությունն է պաշտպանել անդամ երկրների ինքնիշխան տարածքները և սահմանները: Այսպիսով, երբ այդ ներխուժումները տեղի ունեցան, մենք չտեսանք պատշաճ գործողություն այն կազմակերպության կողմից, որին մենք անդամակցում ենք: Եվ պետք է նաև հիշել, որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որը, ինչպես ասացի, կոչված է պաշտպանելու անդամ երկրների սահմանները։ Պատշաճ արձագանքի բացակայությունը հարցեր առաջացրեց հայ հասարակության մեջ, և մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի։ Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա»։