Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ


Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ
Ապրիլ 19 19:50 2024

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովների 8-րդ հանդիպումն է տեղի ունեցել, որի արդյունքներով տարածված  համատեղ մամլո հաղորդագրությունում նշված է, թե նախնական համաձայնեցվել են Տավուշում  սահմանագծի առանձին հատվածները։

Հաղորդագրությունում, մասնավորապես,  նշված է․ «Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում Կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով»։

ՀՀ վարչապետի աշխատակազմից պարզաբանում են տարածել այս առնչությամբ՝ նշելով, թե «Հայտարարությունը նշանակում է, որ երկու հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են վերը նշված գյուղերի միջև Խորհրդային Միության ժամանակներում գոյություն ունեցած սահմանները, և հաջորդ քայլով այդ սահմանները պետք է ճշտվեն ևարտահայտվեն նաև գետնի վրա»։

Հարցին՝ ո՞ր թվականի քարտեզների հիման վրա է իրականացվում այս գործընթացը, ՀՀ վրչապետի աշխատակազմից պատասխանել են․

«Գործընթացի քարտեզագրական հիմքը ԽՍՀՄ ժամանակաշրջանի իրավական հիմնավորում ունեցող ամենաթարմ տոպոգրաֆիկ քարտեզներն են, որոնք կազմվել են  նման իրավասություն ունեցող մարմինների կողմից: Կարևոր նրբությունն այն է, որ համաձայն Հանձնաժողովների տարածած հայտարարության, վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած, իրավական հենք ունեցող սահմանները: Այսինքն, այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև: Կարևոր է նաև արձանագրել՝ Հանձնաժողովները համաձայնել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման  ողջ գործընթացում հիմնվելու են 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, ինչն արձանագրվում է որպես սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք: Այս սկզբունքը պետք է արձանագրվի նաև Սահմանազատման գործընթացի Կանոնակարգի մեջ, որն առաջիկա ամիսներին կհամաձայնեցվի կողմերի միջև և կանցնի անհրաժեշտ ներպետական համաձայնեցումների՝ ներառյալ խորհրդարանում հաստատման գործընթաց»: