Հանրային ՀԸ-ն խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին․ Մայր Աթոռ


Հանրային ՀԸ-ն խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին․ Մայր Աթոռ
Ապրիլ 18 16:34 2024

Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների և նրա ազդեցության տակ գտնվող, այդ թվում նաև հանրային միջոցներով գործող լրատվամիջոցների կողմից։ Այս մասին ասված է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանի տարածած հայտարարության մեջ։

 
 

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների և նրա ազդեցության տակ գտնվող, այդ թվում նաև հանրային միջոցներով գործող լրատվամիջոցների կողմից։

Բարոյական նորմերը խախտելով՝ որոշ քաղաքական և հասարակական գործիչներ, միգուցե մարդահաճությունից մղված, չվարանեցին ստի և կեղծիքի մեղադրանք հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին՝ իսպառ խեղաթյուրելով Մայր Աթոռի հայտարարությունը և հերյուրանք որակելով բարձրաձայնված մտահոգությունները։
 
Ավելին՝ Հանրային հեռուստաընկերությունը, ակնհայտորեն խախտելով հավասարության սկզբունքը, խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել մասնակցել խնդրի շուրջ հեռուստահաղորդումներին՝ հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին։
 
Որպեսզի ընկալելի լինի, մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ եպիսկոպոսաց հայտարարության ուղերձն էր ՀՀ իշխանություններին՝ ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք, այս պարագայում Տավուշում, չհանձնել հռչակելով ադրբեջանական, նախքան ենթադրվող սահմանազատումն ու սահմանագծումը՝ լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը»,-գրել է Եսայի քահանա Արթենյանը։