«Կրակոցներ միշտ են եղել, բայց այս աստիճանի լարված չէր»․ Ի՞նչ իրավիճակ է այս պահին Ներքին Հանդում


«Կրակոցներ միշտ են եղել, բայց այս աստիճանի լարված չէր»․ Ի՞նչ իրավիճակ է այս պահին Ներքին Հանդում
Փետրվար 13 20:51 2024

Սյունիքի մարզի Ներքին Հանդ վարչական շրջանի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը  Panorama.am-ին հայտնեց, որ այս պահի դրությամբ ( ժամը՝ 20.00-ին) իրավիճակը հանգիստ է, կրակոցներ չկան։  Բաղդասարյանի խոսքով՝ գյուղի բնակիչները շարունակում են բնականոն կյանքը։

Հարցին,թե գյուղում բնակիչների շրջանում կա՞ լարվածություն, Բաղդասարյանն ասաց․ «Դե նայած մարդ, կարելի է ասել՝ այդքան էլ լարված չեն, մարդիկ սովորել են արդեն։ Կրակոցներ միշտ են եղել, բայց այս աստիճանի լարված չէր եղել»։

Ներքին Հանդ վարչական շրջանի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ բնակիչները բոլորը  գյուղում են, որևէ մեկը դուրս չի եկել։

Այսօր  ՊՆ-ն հայտնեց 4 զոհի մասին․ «Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում): Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ»: