Ադրբեջանի դեմ միջազգային ատյանների կողմից 110 գանգատով միջանկյալ միջոցներ են կիրառվել


Ադրբեջանի դեմ միջազգային ատյանների կողմից 110 գանգատով միջանկյալ միջոցներ են կիրառվել
Հունվար 27 17:51 2024

Միջազգային 2 դատական ատյանների կողմից Ադրբեջանի դեմ միջպետական շուրջ 10 գանգատների և անհատական մի քանի 100 գանգատով միջանկյալ միջոց է կիրառվել։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։

Նրա փոխանցմամբ՝ առավելապես կարևոր են միջպետական գանգատները, որտեղ ընդհանուր բնույթի միջոցառումներ են, օրինակ՝ բոլոր հայերի տեղաշարժը կամ անվտանգությունն ապահովելու մասին։ Բնականաբար, ԵԽԽՎ-ում տեղի ունեցած իրադարձությունները (Ադրբեջանի պատվիարկության լիազորությունները չհաստատելը.- խմբ) իրենց ազդեցությունն ունեն և այդ որոշման հիմքում ընկած է այն փաստական հանգամանքը, որ չնայած Ադրբեջանի դեմ կայացված դատական ակտերին, տեղի է ունեցել էսկալացիա, որը հանգեցրել է էթնիկ զտումների։ Նույն ԵԽԽՎ-ն կարևորել է այն հանգամանքը, որ Ադրբեջանը անտեսել է միջազգային դատարանների միջանկյալ որոշումները։

«Այսինքն, այդ դատական, իրավական փասատթղթերն, ըստ էության, քաղաքական ճնշում գործադրելու լուրջ խաղաքարտ են ծառայել։ Կարծում եմ, որ սա հետագա ազդակների կատարման գործընթացի վրա ազդեցություն ունենալու է»,- նշել է տիկին Սահակյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ադրբեջանը անհատական գանգատների գործերով եւս անտեսի օրինական ուժի մեջ մտած վճիռները՝ նա նշեց, որ եթե միջպետական միջոցները անտեսում են, ապա անհատական գործերով դրա հավանականությունն ավելի մեծ է ։

«Մենք այս պահին ունենք մեկ տասնյակի մոտ ավարտված դատական գործերով օրինական ուժի մեջ մտած որոշումներ, վճիռներ, սակայն Ադրբեջանը դրանք չի կատարում։ Անգամ նյութական վնասի փոխհատուցման պարզունակ պարտականությունը, որն առանձնակի մեծ բեռ չէ Ադրբեջանի համար, միտումնավոր չի կատարվում։ Սա ցույց է տալիս, որ ոչ թե փորձում են վճարումը կամ մի քանի այլ գործողություններ կատարելու ճանապարհով համոզել, որ վճռի բոլոր դրույթները կատարված են ու հասնել այդ գործընթացների ավարտմանը, այլ բացահայտ կերպով դիմումատուներին կամ նրանց փաստաբաններին չեն վճարում դատարանի կողմից հաստատված վճարման ենթակա գումարը, ինչը միտում է, որ հստակ քաղաքական որոշում կա այս պահին՝ չկատարելու դատարաների դատական ակտերը, եթե անգամ դրանք կայացվել են, Ադրբեջանի կողմից խախտումները արձանագրվել են, պարտավորություններ են դրվել գումար վճարելու՝ պետք է առայժմ անտեսել և դրանց կատարմանն ուղղված քայլեր չձեռնարկել»,- արձանագրել է մասնագետը։

 Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։