«Դինամիկան» հաշվի առնելով՝ չեմ կարող բացառել, որ վերաքննիչը կհանի Մալյանի կալանքի նաև երրորդ հիմքը, երկուսն արդեն հանված է․ Ռուբեն Մելիքյան


«Դինամիկան» հաշվի առնելով՝ չեմ կարող բացառել, որ վերաքննիչը կհանի Մալյանի կալանքի նաև երրորդ հիմքը, երկուսն արդեն հանված է․ Ռուբեն Մելիքյան
Դեկտեմբեր 21 13:48 2023

Որքանո՞վ է հավանական, որ վաղը Վերաքննիչ դատարանը կփոխի Նարեկ Մալյանի խափանման միջոցը։ Թեմայի շուրջ Tert.am-ի հարցին պատասխանել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

-Պարոն Մելիքյան, տևական ժամանակ է՝ մամուլում շրջանառվում է տեսակետ, թե հնարավոր է, որ դեկտեմբերի 22-ին վերաքննիչ դատարանը փոխի Նարեկ Մալյանի խափանման միջոցը: Ինչքանո՞վ եք հիմնավոր համարում այդ տեսակետը:

-Նախ, նշեմ, որ Նարեկ Մալյանի կալանքի վերաբերյալ մեր դիրքորոշումը անփոփոխ է. նրա նկատմամբ կիրառված կալանքն ի սկզբանե եղել է ոչ իրավաչափ, և նախորդ բողոքարկման ժամանակ վերաքննիչ դատարանը երեք հիմքերից մեկը՝ փախուստի ռիսկը հանել է։ Մնացած երկուսից մեկը՝ իր պարտականությունները չկատարելու ռիսկը, հանել է ներկայումս գործը քննող առաջին ատյանի դատարանը։ Այս «դինամիկան» հաշվի առնելով՝ չեմ կարող բացառել, որ մնացած վերջին հիմքը՝ հանցանք գործելու ռիսկը, նույնպես կհանվի։ Սա՝ մեկ։

Երկրորդը, նույն օրը՝ դեկտեմբերի 22-ին մենք ունենք դատական նիստ նաև առաջին ատյանում, և այդ օրը հավանաբար կավարտենք ապացույցների հետազոտման առաջին շրջանը։ Ուստի հնարավոր է՝ այդ կապակցությամբ ներկայացնենք կալանքի հարցը վերստին քննելու միջնորդություն նաև առաջին ատյանում։

Ինչ վերաբերում է իմ անձնական ակնկալիքներին, ապա այս պահին չէի ցանկանա այդ մասին խոսել։