«ՀՀ վարչապետ, Ձեզ խաբել են». ՀԿ նախագահը պնդում է, որ Անահիտ Ավանեսյանը խաբել է Նիկոլ Փաշինյանին


«ՀՀ վարչապետ, Ձեզ խաբել են». ՀԿ նախագահը պնդում է, որ Անահիտ Ավանեսյանը խաբել է Նիկոլ Փաշինյանին
Դեկտեմբեր 20 13:01 2023

«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանին հաշվետվության ներկայացման ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հայտարարություններին՝ պնդելով, որ դրանք սուտ են։

Նա, մասնավորապես, գրել է.

«2023 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ առողջապահության նախարարության 2023 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը ներկայացվել է վարչապետին:

Սպասելի էր, որ Նիկոլ Փաշինյանը կանդրադառնա պետական պատվերով բժշկական ծառայությունների մատուցման հարցերին: Նա հարց ուղղեց Անահիտ Ավանեսյանին. «Նախկինում այդ պրակտիկան մենք ունեինք, որ նախարարությունը բաշխում էր գումարներ, ըստ էության, հայացողական որոշմամբ, հիմա այդ պրակտիկան ընդհանհապես դո՞ւրս է եկել, այսինքն՝ օֆերտայի տրամաբանությամբ են գումարները բախշվում և բուժառուի հետևից են գնում, հիմա դա ամբողջովի՞ն այդպես է», հնչեց պատասխան` «Այո՛, պարո՛ն վարչապետ....»:

Հիմա պարզաբանեմ ինչ է «օֆերտայի» սկբունքը: Պետական պատվերով ծառայությունների համար գործում է երկու տեսակի պայմանագիր՝ մեկը սահմանափակ բյուջեի սկզբունքով, որտեղ ներառված յուրաքանչյուր ծրագրի համար գումարի սահմանաչափ է ֆիքսված և հրապարակային օֆերտայի պայմանագիր, որով ամրագրված ծրագրերի մասով բժշկական կազմակերպությունների համար պայմանագրային գումարներ չեն ֆիքսվում, այլ ֆինանսավորվում են փաստացի կատարած աշխատանքի դիմաց: Ներկայում ընդամենը 5 միջոցառումների մասով է գործում հրապարակային օֆերտայի պայմանագիր: Մնացած շուրջ 17 միջոցառումները, որոնց շրջանակներում ֆինանսավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց, ախտորոշված ուռուցքային հիվանդություներով հիվանդների բուժօգնությունը, շտապ օգնության ծառայությունը, վարակիչ հիվանդություների բուժումը և այլ:

Երևի նախարարը չի հիշում, որ իր հրամանով 2023 թվականին այդ 17 միջոցառումների մեջ, շուրջ 8 անգամ գումարների սահմանաչափերը վերաբաշխել են, իսկ հանրության առաջ հավաստում է, որ ամբողջովին «օֆերտայի սկզբունքով է» իրականացվում պետական պատվերը, այսինքն՝ ո՛չ սահմանաչափ կա, ո՛չ վերաբաշխում:

Զավեշտ...

Ու դեռ ավելին՝ ասում է, որ «գումարը գնում է բուժառուի հետևից», իսկ իրականության մեջ, բուժառուն է գնում գումարի հետևից:

Ես փաստում եմ.

ա) գումարի սահմանաչափով նախարարի հրամանները կան և դեռ ավելին՝ նախատեսվում է, որ լինելու են նաև առողջության համապարփակ  ապահովագրության ժամանակ:

բ) Բազմաթիվ են բժշկական կենտրոնները, որոնք չունեն պետպատվեր, որոնց մերժել են պետական պատվերը և որ պետական պատվեր  տեղադրող հանձնաժողովը որոշում է կայացնում «մերժել» հայտը՝ «նպատակահարմար չլինելու»  հիմքով:  ՀՀ վարչապետ, Ձեզ  խաբել են: Նույնիսկ այդ  5 միջոջառումները, որոնք «օֆերտայի սկզբունքով» են գործում, 2023 թվականի ձեռքբերում չեն: Այս ծրագիրը գործել է 2020 թվականից և այն «վերագրել» ընթացիկ տարվան, առնվազն արդար չէ:

Հ.Գ. Ստի ոտքը կարճ է»։